Անցողիկ նյութականի մեջ արվեստն է, որ մարդու մեջ կենդանի է պահում հավերժության ռիթմը։ Անտեսանելի զարկերակով տիեզերական ավիշը հասնում է արվեստագետի սրտին և նրա միջոցով նյութական կերպ ստանում, ինչպես Միլենա Խլղաթյանի ձեռքերում՝ թաղիքը, որին արվեստագետը ձև, գույն ու հոգի է ներարկում։
Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի բակը մարդաշատ էր։ Արվեստասերները եկել էին Միլենա Խլղաթյանի անհատական ցուցահանդեսի բացմանը։ Այն կրում էր «Հավերժության ռիթմը» խորագիրը։ Նախորդիվ արվեստագետն անհատական ցուցահանդես էր ունեցել մայրաքաղաքում, Հայաստանի նկարիչների միությունում։
Օրհնության խոսքով հանդես եկավ Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, բացման խոսք ասացին ԳԱԿ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Կարինե Գլոյանը, նկարիչ Փափագ Ալոյանը և բանաստեղծ Ռաֆ Բարաթյանը:
Ապա կտրվեց կարմիր ժապավենը, և հյուրերի առջև բացվեց արվեստի կախարդական աշխարհը։
Միլենան ծնունդով Վանաձորից է, սակայն ապրում է Մոսկվայում։
«Մոտ 8 տարի առաջ պատահաբար հայտնաբերեցի թաղիքն ու սիրահարվեցի»,-մի անգամ ասել է Միլենան։ Այդ օրվանից հաճախել է դասերի, սկսել է ուսումնասիրել, փորձեր անել։ Նրան հիացրել է թաղիքագործության տեխնիկան և երեխայի նման սկսել է խաղալ գույների, ձևերի, հյուսվածքի հետ։ Այդպես է ծնվել արվեստագետը։ Առաջին աշխատանքները եղել են հագուստի տեսքով, ապա մուսաները պահանջել են ավելին։
«Ինձ համար բացահայտում է Միլենայի արվեստը։ Նա մեծացել է և գերազանցել ինքն իրեն։ Ինձ համար՝ որպես նրա ուսուցչի, մեծ պատիվ է այստեղ գտնվելը»,- ասում է Միլենայի ուսուցչուհի Նատալյա Նալբանդյանը։
Նայելով Միլենայի աշխատանքներին՝ թվում է, թե օդը թրթռում է հուշերի ձայնից, իսկ գույներն ու ձևերը համարձակ զրույցի են բռնվում լույսի հետ։ Միմյանց հետ ձուլված թելերով ստեղծվող արվեստը երկար ճանապարհ է նախասահմանել շնորհալի արվեստագետի համար։
0 Մեկնաբանություն