Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում էր՝ մասնակցելու ԵՄ նախաձեռնած «Գործի՛ր հիմա» իդեաթոն-մրցույթին: Միջոցառման նպատակն է բարձրացնել մարզերի համայնքների իրազեկության մակարդակը՝ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ներգրավվել նրանց ոլորտում առկա խնդիրների լուծման գործում:Այս ուղղությամբ Եվրամիությունը ֆինանսական ռեսուրսները կենտրոնացրել է ՀՀ հյուսիսային 3 մարզերի՝ Շիրակի, Լոռու և Տավուշի վրա:
Նոյեմբերի 20-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հռչակել է, որպես երեխաների համաշխարհային օր: Պատահական չէր, որ հանդիպմանը ներկա էին մեծաթիվ աշակերտներ 3 մարզերի համայքններից: «Եվրամիությունը կարևորում է մարդու իրավունքների պաշտպանությունը» դիմելով լսարանին ասաց ԵՄ դեսպան Վիկտորինը՝ շարունակելով, որ առաջին անգամ 10 տարի առաջ է եղել Հայաստանում՝ որպես Գերմանիայի դեսպան: Այցի շրջանակներում փոքր-ինչ զարմացել է, դպրոցներում այդ աստիճանի պահպանողական մոտեցմամբ ուսուցումից:
Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի, մարտահրավերների ու տարվող աշխատանքների մասին խոսեց «Խաղաղության երկխոսություն» հկ նախագահ Էդգար Խաչատրյանը:
Աշխատանքային գործընթացում Շիրակի Լոռու և Տավուշի մարզերից ընտրված երեխաները մենթորների աջակցությամբ կմշակեն նախագծեր, ուղղված իրենց համայնքներում հավասար իրավունքների խթանմանը՝ համայնքային միջոցառումների միջոցով: Մշակված գաղափարները կյանքի կոչելու համար հաղթող թիմերը որպես մրցանակ Եվրոպական միությունից կստան ֆինանսական աջակցություն:
0 Մեկնաբանություն