«Ես ոչ մեկին ճնշումներ չեմ գործադրում, ես բոլորին կոչ եմ անում՝ ուղղակի հաշվի նստել ժողովրդի կարծիքի եւ տեսակետի հետ»,-այսօր լրագրողների հարցերին պատասխանելով նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ներկա էր հայ-չինական բարեկամության դպրոցի բացման արարողությանը:
Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ նշեց, որ Հանրապետական կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, այսօր էլ իրավիճակը ճիշտ չի գնահատում, ինչպես ասել էր Արմենիա-Մարիոթ հյուրանոցում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ. «Ոչ մի բան ձեռնարկելու կարիք չկա, պարզապես պետք է մարդկանց հետ խոսել, ներկայացնել իրավիճակը, որպեսզի նրանք իրավիճակը ավելի ռեալ գնահատեն: Պատրաստ եմ հանդիպել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Մեզ համար կարեւոր է, որպեսզի քաղաքացիները, այդ թվում՝ ԱԺ պատգամավորները, այդ թվում՝ մնացած բոլորը մեր քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն եւ հավելյալ մտավախություններ, վախեր չունենան»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց նաեւ, որ սահմանադրական փոփոխությունները ինքնանպատակ չեն, կարող են լինել այլ լուծումներ, որոնք այդ բոլոր հարցերը օրակարգից կհանեն: «Կարող է լինել այլ տարբերակ: Բայց, ընդհանուր առմամբ, ես ուզում եմ հետեւյալն ընդգծել, որ որեւէ պարագայում, որեւէ գործողություն, որեւէ քայլ, որեւէ մտադրություն չի կարելի դուրս դնել Սահմանադրության, սիրո եւ համերաշխության տրամաբանությունից: Հանրաքվեի ինստիտուտը պետք է շատ ուժեղացվի: Պետք է լինեն հարցեր, որոնք լուծվեն հանրաքվեով, մենք պետք է հասկանանք, որ ժողովրդի հաղթանակը անշրջելի է: Ես բոլորին կոչ եմ անում, որեւէ գործողություն չձեռնարկել այս թեզը թեկուզ տեսականորեն կասկածի տակ դնելու համար: Որովհետեւ պարզ է, որ Հայաստանում ժողովուրդը թույլ չի տա կոռուպցիայի վերադարձ, թույլ չի տա ապօրինությունների, թույլ չի տա ամենաթողության վերադարձ»,-հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադարձի հարցին, Փաշինյանն ասաց, որ խոսում եք սցենարների մասին, որոնք չեն կարող լինել. «Դուք ինչի՞ եք ինձ հարցնում, դուրս եկեք փողոց եւ ժողովրդից հարցրեք, ես չեմ այդ կապակցությամբ որոշումներ կայացնողը, այդ կապակցությամբ որոշումներ կայացնողը ժողովուրդն է եւ կարծում եմ, որ այդ հարցերը պետք է ուղղել ժողովրդին եւ չեմ կարծում, որ լսելուց հետո հարցերի պատասխանները կարելի կլինի եթեր հեռարձակել»:
0 Մեկնաբանություն