Մունետիկ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՔ ԲԱՎԱՐԱՐ ՀԻՄՔ ԵՆ ՔԱՐԱԲԵՐԴԻ ՈՍԿՈՒ ՏԵՆԴԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ. ՕԼԵԳ ԴՈՒԼԳԱՐՅԱՆ

2022 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ղեկավարի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, Փամբակ գյուղ, 1-ին փողոց, 23 շենք) «ԱՍՍԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ձեռնարկմամբ տեղի են ունեցել երկու հանրային քննարկումներ:

1. Ժամը 11:00-ին ՝ «Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգում (ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայր / կենտրոնական տեղամաս)» նախատեսվող գործունեության վերաբերյալ:

2. Ժամը 13:00-ին ՝«Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն (ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի Կենտրոնական տեղամասի արևելյան և հարավային թևերում)» նախատեսվող գործունեության վերաբերյալ:

Թե ինչպես են անցել հանրային քննարկումները ժամը 11:00-ին, մեզ հայտնի չէ, քանզի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, լրագրողները, բնապահպանները, շրջակա միջավայրի վրա Քարաբերդի հանքավայրի բացասական ազդեցությամբ մտահոգված քաղաքացիները մասնակցել են հիմնականում ժամը 13:00-ին տեղի ունեցած հանրային քննարկմանը, ինչը պամանավորված է նրանով, որ վերջիններս լավ տեղեկացված չեն եղել ժամը 11:00-ին նախատեսված հանրային քննարկման վերաբերյալ։

Ժամը 13։00-ին մեկնարկած հանրային քննարկումները «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն (ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի Կենտրոնական տեղամասի արևելյան և հարավային թևերում)» նախատեսվող գործունեության վերաբերյալ անցել են բավականաչափ թեժ մթնոլորտում։

Ստորև ներկայացնում ենք այն դիտարկումներն ու պնդումները, որոնք մեր կարծիքով հիմք են հանդիսանում, որպեսզի «ԱՍՍԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ձեռնարկած գործունեության վերաբերյալ տրվի բացասական եզրակացություն։

1. «ԱՍՍԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2022 թվականի նոյեմբերի 4- ին, ժամը 14:00-ին նախաձեռնել էր «ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի արևելյան և հարավային թևերում 2022-2025 թթ․ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ծրագրի», «Չինական արտադրության էկոտեխնոլոգիայով հանքահարստացուցիչ ֆաբրիկայի նախագծի» և «Կենտրոնական տեղամասի արդյունահանման նախագծի ժամկետի երկարացման» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերի վերաբերյալ նախնական հանրային քննարկումներ, որոնք պետք է տեղի ունենային համայնքի ղեկավարի վարչական շենքում, սակայն հավաքված քաղաքացիները, ակտիվիստները և Վանաձոր ու Փամբակ համայնքի բնակիչները թույլ չտվեցին հանրային քննարկումները կայանան՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը նախատեսվող գործունեության վերաբերյալ, ինչը փաստացի ցույց է տալիս, որ շահագրգիռ հանրության զգալի հատված դեմ է տվյալ նախագծին բնապահպանական, գյուղատնտեսական, առողջապահական նկատառումներից ելնելով։

2. 2022 թվականի դեկտեմբերի 21-ին, ժամը 13:00-ին Լոռու մարզի Փամբակ համայնքի ղեկավարի վարչական շենքում տեղի ունեցած «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն (ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի Կենտրոնական տեղամասի արևելյան և հարավային թևերում)» նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ համայնքի մի խումբ բնակիչներ արտահայտեցին իրենց անհամաձայնությունը և իրենց մտահոգությունը նախատեսվող գործունեության վերաբերյալ։ Մի քաղաքացի նշեց, որ իր գյուղատնտեսական նշանակության հողերը պատված են փոշիով, ինչը պայմանավորված է Քարաբերդի գործող հանքավայրի ազդեցությամբ։

Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրի Քյոխվախլու տեղամասի բնակչուհի Անահիտ Թումանյանն էլ նշեց, որ իրենց թաղամասի բնակիչների առողջությունը շարունակաբար վատթարանում է, ինչպես նաև տեղի է ունենում ընտանի կենդանիների շարունակական անկում, ուստի իրենք դեմ են հանքի ընդլայնման հեռանկարին ուղղված ցանկացած գործունեությանը։ Պետք է նշենք, որ Քարաբերդ բնակավայրի Քյոխվախլու թաղամասը ուղղակի ազդակիր թաղամաս է, այն գտնվում է Քարաբերդի գործող հանքավայրի ներքևի մասում, 500 մ – 1 կմ հեռավորության վրա, և հանդիսանում է անասնապահական թաղամաս, առկա են խոշոր և մանր եղջերավոր ընտանի կենդանիների մեծ տնտեսություններ։

3. Հանրային քննարկումները անցան բավականաչափ թեժ և լարված մթնոլորտում, ներկա մասնակիցների զգալի մասը նախատեսվող գործունեության կամ նախաձեռնող ընկերության ակնհայտ կողմնակիցներ էին (այդ թվում ընկերության աշխատակիցներ), ներկա են եղել մասնակիցներ, ովքեր բավականաչափ լարված էին պահում մթնոլորտը։ Օրինակ՝ բնապահպաններին ասվեց, թե լսել են, որ նրանց տերերը ադրբեջանցիներ են, ինչը էլ ավելի խորացրեց լարվածությունը։ Նման մթնոլորտում համայնքի բնակիչներից, ովքեր եկել էին դեմ կարծիք արտահայտելու նախատեսվող գործունեության վերաբերյալ, ուղղակի լռեցին և առանձնազրույցում դիմում էին խնդրանքով բնաահպաններին և ակտիվիստներին, որ նրանք պայքարեն իրենց համայնքի առողջ շրջակա միջավայրի համար (կարող եք սույն հղմամբ դիտել «Քաղաքացու ձայնը» մեդիա-հարթակի պատրաստած ռեպորտաժը և ծանոթանալ քննարկման բովանդակությանը, հնչած մտքերին և մթնոլորտին  https://www.youtube.com/watch?v=U4WwJIWin_s )։ 

4. Հանրային քննարկմանը մասնակցում էին Վանաձոր քաղաքի բնակիչներ, ովքեր միասնաբար դեմ արտահայտվեցին նախատեսվող գործունեությանը՝ նշելով, որ ազդեցության անմիջական կրողը հենց Վանաձորն է, թեև վարչական առումով գործունեության համար նախատեսված տարածքը գտնվում է Փամբակ համայնքի տարածքում։

5. Քննարկմանը մասնակցող բնապահպանները նշեցին, որ ըստ «Ураноносность геологических формаций Армении» գրքում բերված տվյալների (հրատ․ 2010թ․) ուսումնասիրության համար նախատեսվող տարածքում առկա է ուրան։

6. Քննարկման ընթացքում Օլեգ Դուլգարյանը «ԱՍՍԱԹ» ընկերության ներկայացուցիչներին ներկայացրեց եզրակացություն ընկերության կողմից չկատարված պարտավորությունների վերաբերյալ, որը ներկայացված է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի «ՉԱՇԽԱՏՈՂ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԹՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ» ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրության հաշվետվության մեջ 2020 թվականին (https://www.ecolur.org/.../qaraberdreportfinalnew14062021... )։ 

Ընկերության ներկայացուցիչները չկարողացան սույն տեղեկատվությունը հերքել կամ հաստատել։

7. Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երկրաբանական ուսումնասիրության համար նախատեսված տարածքով հետաքրքրված է մի կազմակերպություն, որը ցանկանում է էկոլոգիական ծրագիր իրականացնել այդ տարածքում (թե ինչ բնույթի՝ և ինչ կազմակերպություն մեզ այս պահին հայտնի չէ)։

Սույն տեղեկատվությունը բաց ռեսուրսներում մեզ գտնել չհաջողվեց, սակայն առկա է այդ տեղեկատվությունը ճշտելու անհրաժեշտությունը։

8. Փամբակ համայնքում իրականացվում են տարբեր էկոլոգիական ծրագրեր, այդ թվում ուղղված կենսաբազմազանության զարգացմանը։ Հանքի ընդլայնումը կարող է նպաստել, որ համայնքը կորցնի իր հետաքրքրությունը էկոլոգիական ծրագրերի իրականացման նկատմամբ և խոչընդոտվի համայնքի կայուն զարգացման գործընթացը։

9. Քարաբերդ համայնքի բնակիչներից հանրային քննարկումներից դուրս նշում էին, որ ըստ իրենց վերջին ամիսներին արդեն իսկ կատարվել են ուսումնասիրություններ, քանզի նախատեսվող տարածքում կան թարմ փորվածքներ։ Ըստ իրենց՝ արդեն հայտնի է կան այնտեղ պաշարներ թե ոչ և հիմա ֆորմալացվում է գործընթացը։ Թե որքան է սույն տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, ճշտել չհաջողվեց։ Կարծում ենք՝ անհրաժեշտություն կա տեղում իրականացնել մոնիտորինգ։

10. ՏԻՄ-ի կողմից նախատեսվող գործունեության կամ գործունեությունների վերաբերյալ դրական եզրակացության ներկայացման դեպքում, այն չի արտացոլելու համայնքի բնակիչների ամփոփ դիրքորոշումը, քանզի համայնքի բնակիչների լայն ներգրավում հանրային քննարկումներին չի եղել, իսկ ուղիղ ազդեցության տակ գտնվող բնակավայրերի բնակիչները հիմնականում դեմ են։

11. 2022 թվականի սեպտեմբերին «Առնիկա»-ի մասնագետները Հայաստանի գործընկեր «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների հետ միասին աշխատել են Քարաբերդ բնակավայրում և տեղի բնակիչներից վերցրել են հողի և գետի հատակային նստվածքի, ինչպես նաև մազերի և մեզի փորձանմուշներ՝ առողջության և շրջակա միջավայրի վրա Քարաբերդի ոսկու հանքավայրի շահագործման ազդեցությունն ուսումնասիրելու նպատակով: Ընդհանուրը վերցվել է 7 փորձանմուշ հողից, 7 փորձանմուշ գետի հատակային նստվածքից և 1 հանքաքարի թափոնների փորձանմուշ: Նաև վերցվել է 18 կենսաբանական փորձանմուշ տեղի բնակիչներից։

Նմուշառումն անցկացվել է շրջակա միջավայրի և կենսաբանական փորձանմուշների նմուշառման մշակված մեթոդաբանության համաձայն: Նմուշները տեղափոխվել են Չեխիայի Ուստի նադ Լաբեմի սերտիֆիկացված լաբորատորիա (Zdravotní ústav se sídlem v Ústí nad Labem), որտեղ հավատարմագրված մեթոդներով փորձանմուշներում վերլուծվել է ծանր մետաղների, մասնավորապես՝ մկնդեղի (As), կադմիումի (Cd), քրոմի (Cr), պղնձի (Cu), երկաթի (Fe), մոլիբդենի (Mo), նիկելի (Ni), կապարի (Pb), վանադիումի (V), ցինկի (Zn) պարունակությունը:

Վերլուծությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ հողում, որը գտնվում է Քարաբերդի հանքավայրի մոտ (հեռավորությունը հանքավայրից 150 մ), ծանր մետաղների պարունակությունը զգալիորեն բարձր է մաքուր հողերի և Քարաբերդ բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողերի համեմատ, ներառյալ Քյոխվախլու բնակելի թաղամասի տարածքը։ Կարևոր է նշել, որ հանքավայրի վերևի հատվածում գտնվող հողն օգտագործվում է անասունների համար խոտ աճեցնելու նպատակով:

Քարաբերդի բնակիչների գյուղատնտեսական հողերում նույնպես հայտնաբերվել է ծանր մետաղների բարձր պարունակություն՝ շատ դեպքերում գերազանցելով հողի համար նախատեսված ցուցանիշները։ Ուսումնասիրված բնակավայրերի գյուղատնտեսական հողերում ծանր մետաղների պարունակության արդյունքները մտահոգիչ են։

Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել այնպիսի աղտոտիչ տարրերին, ինչպիսիք են մկնդեղը, որի պարունակությունը փորձանմուշներում 2-2,5 անգամ գերազանցում է նորման, և կապարը, որի պարունակությունը գերազանցում է նորման 2-ից 10 անգամ։

Այս տարրերի բարձր պարունակության առկայությունը կարող է մարդու օրգանիզմում առաջացնել բացասական ազդեցություն։ Դրանք խիստ թունավոր են և մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ միկրոտարրեր չեն:

Մկնդեղը դասակարգվում է որպես քաղցկեղածին: Մկնդեղով աղտոտված ջրի երկարատև օգտագործումը կարող է առաջացնել մաշկի էպիդերմոիդ քաղցկեղ, նաև թոքերի քաղցկեղ։

Մկնդեղի ազդեցությունը կարելի է գնահատել՝ վերլուծելով դրա պարունակությունը մազերի և եղունգների մեջ: Կապարին վերագրվում է թունավոր ազդեցությունների լայն շրջանակ, այն համարվում է ամենակայուն ծանր մետաղներից և շրջակա միջավայրի գլոբալ աղտոտիչներից մեկը: Արյան մեջ դրա առկայությունն անբարենպաստ է ցանկացած կոնցենտրացիայի դեպքում, քանի որ այն պատկանում է օտարածին քիմիական նյութերի շարքին (քսենոբիոտիկներ) կենդանի բոլոր տեսակների համար:

Կապարը կարող է ազդել արյան, ինչպես նաև նյարդային, իմունային և սրտանոթային համակարգերի, երիկամների վրա: Ազդեցությունը մանկության վաղ շրջանում և նախածննդյան շրջանում առաջացնում է ճանաչողական զարգացման հապաղում, ուսուցման մեջ դժվարություններ և այլ հետևանքներ։ Մեծ քանակությամբ կապարի ազդեցությունը կարող է առաջացնել ստամոքս-աղիքային հիվանդություններ, լրջորեն վնասել ուղեղը և երիկամները, ինչպես նաև վերարտադրողական գործառույթը: Մարդու մարմնի համար կապարի անվտանգ մակարդակ չկա:

Շուտով հայտնի կդառնան նաև մարդկանց կենսանմուշներից վերցված նմուշառումների արդյունքները (https://www.cvmedia.am/page2-1516--88- ), (https://www.ecolur.org/hy/news/mining/14558/ ): Ստորև հղմամբ ներկայացնում ենք նաև նախնական արդյունքների ամփոփման փաստաթուղթը ստացված Չեխիայից ռուսերեն լեզվով (https://drive.google.com/.../1krRm0J_SqlrXX.../view... ), ինչպես նաև այն ուղարկում ենք կից։

Բացի վերոնշյալից, տեղեկացնում ենք, որ Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրում իրականացվում են զբոսաշրջության զարգացման նախագծեր, և նշված գործունեությունների իրականացումը վտանգում է զբոսաշրջության զարգացման գործընթացը Քարաբերդում։

«Քաղաքացու ձայնը» մեդիահարթակի սույն հղմամբ կարող եք գտնել դեկտեմբերի 21-ին, ժամը 13:00-ին մեկնարկած հանրային քննարկման ուղիղ եթերի տեսագրությունը (https://www.facebook.com/100063739830999/videos/518746476984264 )

Նյութը՝ Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան էջից:

 

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *