Օրը Մաթևոսյանական է. լոռեցի տաղանդավոր արձակագիր, սցենարիստ Հրանտ Մաթևոսյանը փետրվարի 12-ին կդառնար 84 տարեկան: ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի անդամներն ամեն տարի այս օրը այցելում են արձակագրի անունը կրող զբոսայգի, ծաղիկներ խոնարհում Հրանտ Մաթևոսյանի կիսանդրու մոտ: Հերթական միջոցառմանը ներկա էին նաև Մաթևոսյանի կրտսեր սերնդի ընթերցողները` ուսանողներ` ՎՊՀ-ից, աշակերտներ` Վանաձորի 4-րդ և 5-րդ դպրոցներից:
«Մաթևոսյանական դասաժամերը ևս անմոռաց են»,- նկատում են աշակերտները, որոնց մեծ մասն առաջին անգամ էին գտնվում զբոսայգում նման առիթով: Առավել առաջադեմ ու համարձակները տեսախցիկի առջև փորձեցին վերլուծել Մաթևոսյանի գործերը, նրա արձակից չբացակայող գյուղը, հասարակ գյուղացուն` իր առօրյա հոգսերով ու խնդիրներով:
Խոնարհման եւ հիշատակի միջոցառմանը լոռեցի գրչընկերները ամբողջացրին արձակագրի գրական գործունեությունը, թվեցին մարդկային բարձր հատկանիշները: Միջոցառումը շարունակվեց մաթեւոսյանական ընթերցումներով:
0 Մեկնաբանություն