Մունետիկ

«Իմ ամուսինը չի գնացել երկիրը պահի, որ իմ երեխեքը մնան անջուր». «Ուկրշին» տնակավանի ջուրը կտրել են

«Ուկրշին» տնակային ավանը հետերկրաշարժյան Վանաձորի խորհրդանիշներից մեկն է: 3-րդ օրն է՝ շուրջ 60 ընտանիք օրը դիմավորում է ջուր կրելով: Բնակիչների պատմելով՝ ինչ-որ մեկի բողոքի հիման վրա, «Վեոլիա Ջուր»-ը դադարեցրել է ջրամատակարարումը թաղամասում` հորդորելով իրենց դառնալ բաժանորդ: Հայրանուշ Գրիգորյանն, արցունքն աչքերին, պատմում է, որ տաք հագուստ չունեն, խոնավ ու ցուրտ նկուղում 1 խորանարդ մետր փայտը, որ դժվարությամբ է ձեռք բերել, խնայելով է օգտագործում, որ մանկահասակ 2 թոռնիկները գոնե շատ չմրսեն: Այսքանը քիչ էր՝ հիմա էլ ջուրը: «Ինչքա՞ն կրեմ»,- ասում է: Աստղիկ Դումանյանն էլ 5 դպրոցահասակ երեխաների մայր է: Նեղսրտում է. ամուսինն առաջին օրվանից գնացել է հայրենիքը պաշտպանելու, իսկ այսօր նրա երեխաների խմելու ջուրն են կտրում, որը 28 տարի առաջ «Օքսֆամ» ընկերությունն էր իրենց համար ստեղծել: Թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու համար կապ հաստատեցինք «Վելոիա Ջուր» ՓԲԸ ներկայացուցչի հետ, որը նշեց, որ կառավարության որոշմամբ բակային ջուր հասկացողություն չի լինելու, կապ հաստատեցինք Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, նա էլ ասաց, որ ջրամատակարարման գործառույթն իր իրավասություններից դուրս է, իսկ Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանն առհասարակ հեռախոսազանգին չպատասխանեց: Ինչպես ասում են՝ յուրաքանչյուր ապրանք գին ունի, որի համար հարկավոր վճարել, բայց վճարելու համար գոնե միջանկյալ լուծումներ պետք է առաջարկեն առանց այն էլ տուժած քաղաքացիներին, ինչը բոլորի պարտականությունն է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *