Մունետիկ

Իրեղեն ապացույց հեռախոսը վերադարձվեց լրագրողին, փոխարենը մերժվեց ինքնաբացարկի միջնորդությունը: (տեսանյութ)

Լրագրող, loritv.am կայքի գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի հանդեպ բռնության գործով դատական մի քանի նիստեր հետաձգվելուց հետո, հուլիսի 30-ին, տեղի ունեցավ հերթականը, որ վարում էր դատավոր Լուսինե Աբգարյանը: Տուժողի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը դարձյալ պնդեց նախորդ նիստին ներկայացված միջնորդությունը՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ: Հիշեցնենք՝ 1-ին նսիտին տուժողի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը ինքնաբացարկ էր հայտարարել դատավոր Լուսինե Աբգարյանին՝ բաց դատական նիստի ընթացքում լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակելու համար՝ ելնելով նրանից, որ առկա չեն անձնական տվյալների խախտման հիմքեր: Դատական նիստի կողմերը հստակեցրին իրենց դիրքորոշումը նիստի լուսաբանման հետ կապված: Գործով մեղադրյալ ճանաչվածներ «Շինպլյուս» ընկերության տնօրեն Տիգրան Նազարյանը և ընկերության աշխատակից Վրեժ Խաչատրյանը դեմ էին տեսանկարահանմանը: Մեղադրող կողմի ներկայացուցիչ, Լոռու մարզի դատախազի տեղակալ Գարեգին Մանուկյանը ևս մերժեց միջնորդությունը՝ այն անհիմն համարելով: Դատավոր Աբգարյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: 1 ժամից ավելի սպասելուց հետո, դատավոր Աբգարյանը վերադարձավ՝ հայտարարելով՝ որ մերժում է միջնորդությունը: Ելնելով նույն դատական նիստերի դահլիճում մեկ այլ նիստի հանգամանքից, Լուսինե Աբգարյանը որոշակի նախապատրաստական աշխատանքներից կատարեց՝ պայմանավորված կողմերի՝ երկրից որոշ ընթացքով բացակայելու հանգամանքով: Գործով մեղադրյալ ճանաչված «Շինպլյուս» ընկերության տնօրեն Տիգրան Նազարյանի փաստաբան Գարիկ Գալիկյաևը նշեց, որ ելնելով իր ծանրաբեռնվածությունից և երկրից տևական ժամանակ բացակայելու հանգամանքից, պաշտպանությունը շարունակելու է նույն գրասենյակի փաստաբան, ՓՊ անդամ Արամ Ղազարյանը: Մեղադրող կողմը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը: Ոչ ամբաստանյալ Տիգրան Նազարյանը, ոչ էլ Վրեժ Խաչատրյանը չընդունեցին այն: Գործով մյուս մեղադրյալ, «Շինպլյուս» ընկերության վարորդ Վրեժ Խաչատրյանը շարունակում է հրաժարվել պաշտպանի ծառայությունից: 2 կողմերի անձնական տվյալներին ծանոթանալուց, առերեսման մասին տեղեկությունները ճշտելուց հետո, դատավոր Աբգարյանն ընդունեց նաև տուժողի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանի միջնորդությունը՝ տուժողի հեռախոսը տուժողին ի պահ տալու մասին: «Հեռախոսում առկա են կարևոր հեռախոսահամարներ և այլ տեղեկություններ՝ խիստ անհրաժեշտ Ավետիսյանի աշխատանքային գործունեությանը»,- հինավորեց փաստաբան Սողոմանյանը: Փորձաքննությամբ ծրարված, իրեղեն ապացույց «Սամսունգ» մակնիշի հեռախոսը դատարանի նիստերի դահլիճում բոլորի ներկայությամբ հանվեց ծրարից և վերադարձվեց Նարինե Ավետիսյանին: Լուսինե Աբգարյանը կողմերի հետ փոխհամաձայնությամբ հաջորդ դատական նիստը նշանակեց 2018-ի հոկտեմբերի 2-ին, ժամը 14:30-ին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *