Մունետիկ

Քաղաքապետի որոշմամբ Վանաձորի 3 մանկապարտեզ 14 օրով փակվել է.ՀԺ

Վանաձորում գործող թվով 20 մանկապարտեզներում երեխաների հաճախելիությունը ներկայումս գտնվում է ցածր մակարդակի վրա, պատճառը երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն է: Թվով 20 մանկապարտեզներից 3-ի՝ թիվ 28-ի, 30-ի և 31-ի գործունեությունը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի որոշմամբ ժամանակավորապես դադարեցված է. սաներից մի քանիսի ծնողների մոտ կորոնավիրուս է հաստատվել:

ՀԺ-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Գոռ Բադյանը հաստատել է՝ հաճախելիության ցածր ցուցանիշները: «Երբ մանկապարտազները բացվեցին, սկզբնական շրջանում մոտ 200 երեխա էր հաճախում, այսօրվա դրությամբ ունենք մանկապարտեզ հաճախող 83 երեխա: Երբ սկսեցին ավելանալ կորոնավիրուսով վարակակիրների թվերը, հաճախելիությունը սկսեց նվազել: Ունենք մանկապարտեզներ, որտեղ 0 հաճախելիություն  գրանցվել»,- ասել է Բադյանը՝ վստահեցնելով, որ մանկապարտեզները գործելու են, անկախ հաճախող երեխաների թվից. «Նույնիսկ 2 երեխայի համար մանկապարտեզը գործելու է: Հատկապես հիմա, երբ Վանաձորում ևս վարակակիրներ կան, ու այդ մասին շատ է խոսվում, հաճախելիության թիվը մեծ արագությամբ նվազում է, ունենք մանկապարտեզներ, որտեղ հաճախում են 2, 5, 8 երեխաներ»:

Անդրադառնալով քաղաքապետի որոշմամբ փակված մանկապարտեզներին, բաժնի պետն ասել է. «Այն մանկապարտեզները, որտեղ հաճախող երեխաների ծնողը կամ ծնողները աշխատել են «Գլորիա» կարի արտադրամասում, և որոնք հաստատված վարակակիրներ են, այդ մանկապարտեզները քաղաքապետի կարգադրությամբ երկուշաբթի օրվանից չեն աշխատում: Եվս 1 մանկապարտեզի հետ կապված կասկածներ ունենք, դրանք ուսումնասիրման փուլում են»:

Բաժնի պետի փոխանցմամբ՝ աշխատակիցների շրջանում, բարեբախտաբար, վարակակիրներ ու ինքնամեկուսացված անձինք չկան: Փակված մանկապարտեզները չեն գործի 14 օր:

Գոռ Բադյանը վստահեցրեց՝ թե իրենց, թե տեսչական մարմինների կողմից խիստ վերահսկողություն է իրականացվում մանկապարտեզներում. «Պարբերաբար ստուգայցեր են իրականացվում, հեռախոսակապի միջոցով է զեկուցվում վիճակը, ես համարում եմ, որ վերահսկողությունը կատարվում է պատշաճ մակարդակի, թեպետ որոշակի խախտումներ հայտնաբերվել են, սակայն դրանց տեղում լուծումներ են տրվել»:

Վանաձորում գործող թվով 20 մանկապարտեզներ մինչև վերջերս հաճախում էին 2400-ից ավել երեխա, այսօր այդ թիվը չի անցնում 100-ը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *