Մունետիկ

Կառավարությունը պատրաստ է գումար տրամադրել, բայց համայնքները չունեն ծրագրեր

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի որոշմամբ ՀՀ մարզպետարաններին կհատկացվի  278,999.5 հազար դրամ՝ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով:

Հիմնավորման համաձայն՝ համայնքներում տնտեսական ենթակառուցվածքների զարգացման դեպքում ծրագրի արժեքի մինչև 60 տոկոսը համաֆինանսավորվում է պետբյուջեից, իսկ սոցիալական ենթակառուցվածքների՝ մանկապարտեզի, մշակութային տների կառուցման, վերանորոգման գործընթացի պարագայում` պետության կողմից համաֆինանսավորվում է ծրագրի արժեքի մինչև 40 տոկոսը։ 2018 թ. առաջին հինգ ամիսների ընթացքում համայնքները ներկայացրել են 185 ծրագրային հայտեր, որոնցից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած երեք նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի  հավանության է արժանացել 84-ը:

Ներկայումս ընթանում է հավանության արժանացած ծրագրերի իրականացման մրցութային գործընթացը: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես, համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը:

            Անդրադառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ կառավարությունը սուբվենցիաների ծրագրով պատրաստ է այս տարի հատկացնել 10 մլրդ դրամ, սակայն դեռևս չի հաջողվում այս ոլորտում աշխուժություն ապահովել: «Մենք խոստացել ենք, որ սուբվենցիաների ծրագրով 10 մլրդ դրամ կտանք, բայց առայժմ մեր թվերը պտտվում են 200-300 մլն դրամի շրջանակում»,- նշել է վարչապետը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ այս տարի կլինի սուբվենցիաների ծրագրերի ևս երկու փուլ, ծրագրերը քննարկման ընթացքում են: «Այնուամենայնիվ, 10 մլրդ դրամն այս տարի սպառել չենք կարող: Առաջարկում եմ 2019 թվականի հայտերը ստանալ նոյեմբերից, որպեսզի տարեսկզբից հնարավոր լինի սկսել ծրագրերը»,- ասել է նախարարը:
           

Վարչապետի խոսքով՝ կառավարությունը պատրաստ է այդ գումարները տրամադրել, բայց համայնքները չունեն ծրագրերը կամ ֆինանսական միջոցները, որպեսզի մասնակցեն այդ ծրագրերի իրականացմանը: «Մենք իսկապես պետք է քննարկենք՝ արժե՞ այդ 10 մլրդ դրամն այլխողովակներով ծախսել համայնքներում, թե՞ չարժե: Վերջին շրջանի բացահայտումներն ուհետաքննությունները փաստում են, որ այս ծրագրերով մենք լուրջ ռիսկեր ունենք: Մենք պետք էապահովենք, որ այդ ծրագրերով մրցույթները պատշաճ իրականացվեն: Մրցույթ բառի՝ մեզ բոլորիս հայտնի իմաստները պետք է կարողանանք արմատախիլ անել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Այլ որոշումներ

 

2018 թ. ամառային զորակոչի շրջանակում պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիների զորակոչի և զորակոչից տարկետումների գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ 2018թ. ամառային զորակոչի ավարտը նախատեսվում է օգոստոսի 11-ը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ առողջապահության ու ՀՀ կրթության և գիտության նախարարներին՝ համապատասխանաբար ապահովելու զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտությունների ավարտական ակտերի, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան  որոշումներով նախատեսված անվանացուցակների տրամադրման գործընթացը: Միաժամանակ, որպեսզի զորակոչի ավարտի երկարաձգումը չազդի սահմանված ժամկետում պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած քաղաքացիների զորացրման գործընթացի վրա՝ զորացրումների վերջնաժամկետ է սահմանվում հուլիսի 31-ը ներառյալ: 

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների զավակների՝ ժամկետային զինծառայության մեկնելու հարցին, նշել է, որ կառավարությունը շարունակելու է հետևողական աշխատանքները զորակոչի ոլորտում չարաշահումներն արմատախիլ անելու ուղղությամբ: «Կա քննարկում, թե արդյոք այս թեման ուսումնասիրվում է: Այդ թեման ուսումնասիրում է Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Գլխավոր դատախազությունը: Այս պրոցեսը չի կարող սահմանափակվել մեկ զորակոչով. դա զորակոչի ժամկետների հետ կապ չունի: Ցավոք, զորակոչի ոլորտում դեռևս շարունակում ենք չարաշահումներ ունենալ: Ընդհանրապես զարմանալի է, որ այսպիսի իրավիճակում գտնվող երկրում կարող են պաշտոնատար անձանց կողմից այսպիսի չարաշահումներ լինել: Հետևողականորեն աշխատելուենք բոլոր չարաշահումներն արմատախիլ անելու ուղղությամբ: Զարմանալի է, որ այսքան հայտարարություններից հետո նման դեպքերը շարունակվում են: Թող որևէ մեկը չմտածի, թե մենք որևէ կետում որևէ պատճառով կկանգնենք»,-ասել է վարչապետը՝ կրկին հայտարարելով, որ կոռուպցիայի հետ փոխզիջում չի լինելու:
Կառավարության որոշումներով ամառային զորակոչից տարկետում են  ստացել  մշակույթի և սպորտի բնագավառներում  նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներ:

Հոկտեմբերի 21-ին ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի, իսկ ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում՝ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ. գործադիրն ընդունել է համապատասխան  որոշումներ:

Նիստի ավարտին, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նախարարներին, պետական մարմինների ղեկավարներին, մարզպետերին և առաջարկել Երևանի քաղաքապետի պաշտոնակատարին՝ յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ կատարել քաղաքացիների ընդունելություն: «Մայիսի 8-ից հետո կառավարությանն ուղղված նամակների թիվն աննախադեպ մեծ ծավալների է հասնում: Անհրաժեշտ է դրանց մշակման գործընթացը դարձնել առավել արդյունավետ»,- ասել է վարչապետը և հանձնարարել կառավարության աշխատակազմին՝ մանրակրկիտ քննարկել դիմումներն ու ժամանակին արձագանքել քաղաքացիներին: «Ցավոք, քաղաքացիներին շատ դեպքերում տրվում է ստանդարտ, ցրողական պատասխան: Հասկանում եմ, որ կան համակարգային խնդիրներ, պետք է հասկանանք, թե այս ոլորտում ինչպես բարձրացնենք արդյունավետությունը: Պետք է խստագույնս պահպանել դիմումներին պատասխանելու ժամկետները»,- նշել է կառավարության ղեկավարը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *