Փաստաբան Հովիկ Արսենյանի պնդմամբ՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գործով ոչ մի զարգացում չկա։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։
Կճոյանի փաստաբան Հովիկ Արսենյանն ասում է.
«Հարցաքննվել է, դրանից հետո մեզ ո՛չ հրավիրել են, մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չեն կատարել։ Դե նախաքննական մարմինն էլ եթե որևէ գործողություն է կատարում, բնականաբար մեզ տեղյակ չի պահում»։
Ըստ փաստաբանի՝ այս գործով Կճոյանի և այլ անձի միջև առերեսում նույնպես չի եղել, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը չի բողոքարկվել պաշտպանական կողմից։
Հարցին՝ գործով ի՞նչ միջնորդություններ են ներկայացվել, Արսենյանը պատասխանեց․ «Արել եմ՝ էս-էս քննչական գործողությունները կատարեք, փաստաթղթերն առգրավեք․ այդպես»։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Նավասարդ Կճոյանը՝ 2010 թվականի ամռանն իր հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեցող գործարարի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ, Աֆրիկայում վերջինիս պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու, արդյունահանված ադամանդի հումքը Հայաստանի վերամշակելու, վաճառելու պատրվակով, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին ներդրում կատարելու հարցում։
Որից հետո ձեռք են բերվել վերջինիս ու նրա մերձավորներին պատկանող առանձնապես խոշոր չափերի (11 միլիարդ 442 միլիոն 68 հազար դրամ ընդհանուր արժողությամբ) մի շարք անշարժ գույքեր և գրավադրվել են առևտրային բանկում։ Դրանից ստացել և տնօրինել են 3 միլիարդ 664 միլիոն 175 հազար դրամ (շուրջ 9 միլիոն ԱՄՆ դոլար) և 361 միլիոն 5 հարյուր հազար դրամի վարկային միջոցներ՝ մի շարք բանկային և առևտրային գործարքներով, փոխանցումներով, փոխարկումներով թաքցնելով և խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը:
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով խարդախության և փողերի լվացման մեջ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Պաշտպանական կողմը մեղադրանքը չի ընդունում՝ այն համարելով չհիմնավորված եւ երևակայության արդյունք։
0 Մեկնաբանություն