Մունետիկ

«Խնձորի այգին» պատմեցի, գերազանց ստացա ու սկսվեց… Լուսինե Քերոբյան

 Լուսինեն 88-ի երկրաշարժի հետևանքով հաշմանդամություն է ձեռք բերել, անցել բարդ ու դժվար ճանապարհ: Չի ընկճվել, փորձել է ինքնուրույն հաթահարել, բացել հաշմանդամություն ունեցող անձանց առջև փակված դռները:

88-ի երկրաշարժը և «Խնձորի այգին»

-Խնձորի այգին էի պատմում, պատմեցի, գերազանց ստացա ու սկսվեց… Հենց այդ օրը ունեմ «5» գնահատական:

-Միանգամից մեծանում ես, քո հասակակիցներից գրեթե մի 10 տարի մեծանում ես, երբ խնդիր ես ունենում, որովեհետև սկսում ես մտածել ոչ բոլորի նման, հասկանում ես, որ քո պայքարունակությունը սկսում է շատ ավելին դառնալ, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել: Շատ կարևոր է շրջապատը, ընկերները, ընտանիքը, բայց ամենակարևորը մարդը հենց ինքն է իր համար, որ պիտի իր վրա աշխատի, որ կարողանա հաղթահարել այդ ամենը: Ու այդ ժամանակ մեծ աշխարհ բացվեց իմ առջև, և ես սկսեցի նկարներ ասեղնագործել: Ասեղնագործում էի Ջուղայի խաչքարերը: Հետո հասկացա, որ գույներով կարող ես ինքդ քեզ բուժել, գույներով կարող ես ստեղծել քո աշխարհը, գույների միջոցով մարդիկ գուցե կարողանան տեսնել այն, ինչը դու չես կարողանում ասել:

Բոլորս էլ ունենք թերություններ, ունենք բնավորության խտացված գծեր, բայց եթե մարդասեր ես՝ գտնում ես այն ամենալավ կետը ու կարողանում ես ընկերություն ստեղծել, հարաբերություն ստեղծել:

Ինչպես հաղթահարեցի խնդիրը

Երևի ես սկզբից շատ լավ մարդկանց հանդիպեցի, հաշմանդամությանս առաջին քայլերը հաղթահարելիս տեսա մարդկանց, ովքեր շատ ուժեղ էին, շատ լավ մարդիկ էին, հոգով չչարացած մարդիկ էին: Ասում են՝ եթե մարդը խնդիր է ունենում, սկսում է չարանալ, սկսում է ուրիշ դառնալ, բայց չէ, յուրաքանչյուրի մոտ դա կարող է լինել, նույնիսկ անկախ հաշմանդամությունից, բայց խնդիրն անցնելուց հետո կդառնա այն, ինչը որ կա: Ինքս ինձ ասացի՝ եթե ես ապրում եմ, ես պիտի ապրեմ լիարժեք ու անկախ: Հիմա էլ դա անում եմ, որովհետև մեզ նման մարդկանց համար դա առաջնայինն է:

Դպրոցն ավարտելուց հետո, չնայելով իմ առողջական վիճակին, գտնում էի, որ ուսումս շարունակելու հարցն ամենաառաջնայինն է: Ընդունվեցի Վանաձորի մանկավարժական համալսարան, այն ժամանակ հենակներով էի քայլում, ռեկտորը տեսավ ու ասաց. «Աղջիկ ջան, դու քո վիճակը տեսել ե՞ս, որ եկել ես սովորելու»: Ես լաց լինելով գերազանց հանձնել եմ քննություններս: Ընդունվեցի, ցույց տվեցի, որ այո, ես կարող եմ…

Խնդիրներ, որոնք չեն լուծվում Հայաստանում

-Եթե դուք որևիցե մեքենա կանչեք, որը պիտի տեղափոխի սայլակով մարդու՝ դուք կհասկանաք, որ դա խնդիր է: Բայց սայլակով մարդն իրականում խնդիր չունի տեղափոխվելու, մեքենա նստելու, նույնիսկ մեքենա վարելու, որն իմ կյանքի երազանքներից մեկն է: Հայաստանում մենք չունենք հաշմանդամների համար նախատեսված մեքենա վարելու հնարավորություն ունեցող դպրոց: Ինքս փորձել եմ մի քանի հաստատություններում սովորել, բայց չկան, չկան տարրական հարմարություններ: Օրինակ, թեքահարթակ է պետք ներս մտնելու համար, ձեռքի միջոցով վարելու հնարավորությամբ մեքենաներ են պետք, իսկ նրանք, ովքեր վարում են, բոլորը ինքնաշեն տարբերակով պատրաստված մեքենաներ են: Դա ինձ համար առաջնային խնդիր է: Տեղափոխման հարցը լիարժեք լուծված չէ Հայաստանում: Յուրաքանչյուր սայլակով մարդ ինքը գիտի՝ ինչպես է տեղափոխվում, ինչ կերպ է տաքսի նստում, և կպատմի, թե ինչպես է տաքսին մոտեցել և ասել՝ կներեք, մենք սայլակով մարդ չենք կարող տեղափոխել:

Երազում եմ, որ կարողանամ աշխատանքներս վաճառել ու ինձ համար գնել մեքենա, որն ինձ մեկ քայլ ավել կապահովի ինքնուրույնանալու և տեղափոխման խնդրից ազատվելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

 

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *