Կոյուղու բացակայությունը ոտքի է հանել Վանաձոր քաղաքի Սասունցիների, Խնձորուտ 4, 5 փողոցների բնակիչներին, ովքեր ՀՀ ԱԺ-ի ԼՀԽ պատգամավոր Արմեն Եղիազարյանին փոխանցմամբ իրենց խոսքը ԱԺ-ի ամբիոնից փորձում էին լսելի դարձնել: Բախտակից թաղամասերում շուրջ 60 տարի բնակիչներն ապրում են կենցաղային նվազագույն հարմարություններից զուրկ պայմաններում: Վերոնշյալ փողոցներում բացակայում են կոյուղագծերը, հիմնական մասը ստիպված կոյուղաջրերը լցնում է կամ Խաչի Ձոր գետակը, որ թափվում է Տանձուտ գետը, կամ էլ թաղամաս բարձրանալիս ձախ երկայնքով ձգվող առվակը, կամ էլ բակում պատրաստված ստորգետնյա հորերը, որոնք յուրաքանչյուր ամիս ստիպված են լինում հատուկ տեխնիկայի միջոցով դատարկել։ Ստեղծված հակահամաճարակային վիճակի մասին բազմիցս են տեղեկացրել Վանաձորի համայնքապետարանին, ջրմուղին, բայց խնդրին ընթացք այդպես էլ չի տրվել: ԱԺ պատգամավորը նշեց, որ հանդես է եկել առաջարկությամբ՝ կառավարության 2021 թ.-ի պետբյուջեում նախատեսել Լոռու մարզի Վանաձոր համայնքի Սասունցիների, Խնձորուտ 4 և 5 փողոցներում կոյուղագծեր կառուցելու խնդիրը, որի համար անհրաժեշտ է 95 մլն. ՀՀ դրամ: Վանաձոր համայնքի ավագանու ԼՀԿ խմբակցության անդամ Կարինե Ղուկասյանի աչքից չրիպեց Սասունցիներ թաղամասի ճանապարհը, որ ունի հիմնանորոգման խնդիր: Ամիսներ առաջ ճանապարհը հատված առ հատված քանդվել, բայց չի վերանորոգվել: Անդրադառնալով բուն խնդրին՝ Կարինե Ղուկասյանը նշեց, որ թաղամասի կոյուղաջրերը, առանց որևէ մաքրման պրոցեսի, արտանետվում են Տանձուտ գետը, որի արդյունքում էլ առաջանում է էկոլոգիական խնդիր։
0 Մեկնաբանություն