Վանաձորի պետական համալսարանը խոր վշտով տեղեկացնում է, որ 85 տարեկանում կյանքից հեռացել է վաստակաշատ մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վանաձորի պետական համալսարանի գրականության ամբիոնի երկարամյա դասախոս Հովիկ Հովսեփի Այվազյանը:
Հովիկ Այվազյանը միջնակարգ կրթությունն ստացել է Ստեփանավանի շրջանի Կաթնաղբյուր գյուղում, ապա ընդունվել Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը, որից հետո ծավալել է աշխատանքային ու գիտական ակտիվ գործունեություն: Ողջ կյանքը նվիրելով գիտական, կրթադաստիարակչական գործին, աշխատելով որպես տարբեր դպրոցների տնօրեն, Ժողկրթբաժնի վարիչ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ամբիոնի վարիչ, գիտխորհրդի քարտուղար, ՎՊՄԻ գրականության ամբիոնի դասախոս՝ կրթել, դաստիարակել ու կյանքի ուղի է հարթել բազում սերունդների համար՝ վայելելով իր գործընկերնների, ուսանողների, շրջապատի ու բոլոր իրեն ճանաչողների սերն ու հարգանքը:
Հովիկ Այվազյանի գիտական կյանքը հարուստ է, անցած ճանապարհը՝ դրվատանքի արժանի, մարդկային տեսակը՝ լուսավոր: Այվազյան պրոֆեսորի գիտական հետաքրքրությունների շրջանակում մշտապես ուշագրավ ու արդիական հարցեր են եղել Եղեռնի գրական արձագանքները, խղճի փիլիսոփայությունն ու գրականությունը, գրականության կենսահաստատ ուժը և այլն:
Հովիկ Այվազյանը 5 գրքերի և հանրապետական մամուլում տպագրված ավելի քան 70 գիտամեթոդական աշխատանքների հեղինակ է: Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և «Պատվո նշան» շքանշանով:
Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ին, Ստեփանավան քաղաքի, Զ. Անդրանիկի 1-ին նրբանցք, 3-րդ տնից:
0 Մեկնաբանություն