96 տարեկանում կյանքից հեռացել է դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Երևանի պատվավոր քաղաքացի» Երվանդ Մանարյանը:
Մանարյանը ծնվել է Իրանի Էրաք քաղաքում՝ 1924 թ. օգոստոսի 10-ին։ 1946թ. ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952թ.։
Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ.Սունդուկյանի թատրոնում։
1957-59թթ. եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1959-1961թթ. նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Երվանդ Մանարյանը 1966-ից ակտիվորեն նկարահանվել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Մորգանի խնամին», «Քաոս», «Կարինե», «Ընկեր Փանջունի», «Արևիկ», «Խոհարարները եկել են մրցույթի» և այլն: Մանարյանին, սակայն, ժողովրդական մեծ սեր ու համբավր բերեց, հատկապես, 1975թ.-ին «Երևան» կինոստուդիայում նկարահանված «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը, ուր խաղում էր Երվանդ Քրիստափորիչի դերը:
Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։
Տեսաֆիլմը՝ Ա1+-ի «Դիմանկար» շարքից, 2012թ.
0 Մեկնաբանություն