Լեզվի պետական տեսչությունը պատասխան է ուղարկել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին. «Ի պատասխան ՀՀ ԿԳ նախարարի դիմատետրի (ֆեյսբուք) էջում արված` 18.05.2018 թ. գրառման: Առնվազն տարակուսելի է, որ նորանշանակ նախարարը, առանց ծանոթանալու Լեզվի պետական տեսչության աշխատանքներին, հրապարակավ հանդես է եկել նման հայտարարությամբ: Լեզվի պետական տեսչությունը տարեկան իրականացրել է վարչական իրավախախտման վերաբերյալ բազմաթիվ վարույթներ, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումներ Երևանում և մարզերում` հնարավոր իրավախախտումները նվազեցնելու նպատակով. լեզվական օրենսդրության պահանջների վերաբերյալ գրավոր իրազեկել է տնտեսավարողներին (2016-2018թթ. 900 իրազեկում), անցկացրել է լեզվավիճակի դիտարկումներ, շրջայցեր, ուսումնասիրություններ: Տեսչությունը սահմանված կարգով միայն 2017 թվականին պատասխանել է քաղաքացիների, կազմակերպությունների, պետական մարմինների` ավելի քան հազար հարյուր գրավոր ու բանավոր հարցումների, մշակել և շրջանառել է «Լեզվական քաղաքականության 2018-2023թթ. պետական ծրագրի» նախագիծը, կատարել է զանգվածային լրատվության միջոցների` մասնավորապես, հեռուստատեսության լեզվավիճակի ուսումնասիրություններ: Հավելենք, որ ՀՀ լեզվի պետական տեսչությունն իրապես կարող էր «100 տոկոսին ձգտող» արդյունք արձանագրել, ի լրումն վերոնշյալ աշխատանքների` կատարել նաև ստուգումներ, եթե նրա գործունեությունը, ի թիվս այլ տեսչությունների, վերջին տարիներին չարգելափակվեր ՀՀ Կառավարության` ստուգումները կասեցնելու վերաբերյալ երկու որոշումներով: Տեսչական բարեփոխումների հետևանքով առաջացած իրավիճակի մասին ժամանակին պաշտոնապես գրություններ են ներկայացվել ՀՀ նախկին վարչապետներ Տ. Սարգսյանին և Հ. Աբրահամյանին: Այսպիսով, Լեզվի պետական տեսչությունը բոլոր իրավիճակներում առավելագույնս պաշտպանել է լեզվի շահերը` գործելով համարձակ և աննահանջ, ինչն էլ անելու է այսուհետ»:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Լեզվի պետական տեսչության անարդյունավետ աշխատանքին:
Լավ ասեցիք, Դավիթ Գյուլզադյան ջան
Լեզվի տեսչության սերգոջանը փորձում է թպրտալ։ Լեզվի տեսչության պետի պաշտոնակատար էր և պաշտպանում էր աշոտյանի օտարալեզու դպրոցների վերաբացման օրինագիծը։ Դրա՛ դիմաց պետի լիարժեք պաշտոնը ստացավ։ Էլ չեմ ասում, որ դրանից առաջ էլ ինքն էր բաղդասարյան արթուրի հետ նման մի նախագիծ ներկայացրել։ Հիմա էլ մանկլավիկների բերանով է հերքման ճիգեր թափում ԿԳ նախարարի բացահայտմանն ի տես, թե գնալով արգելափակել են տեսչության գործունեությունը։ Բա ի՞նչ պիտի գրեին. հո չէ՞ին ասելու, թե պետական նենգադուլի (սաբոտաժի) համար են դրան էդտեղ բերել։