Մունետիկ

Մարտի 1-ի գործով քրգործ կհարուցվի նաև ԱԱԾ-ի մասով. ո՞ր գեներալներն են թիրախում

Նախօրեին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրությամբ տեղեկացրեց 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ նոր քրեական գործի հարուցման մասին։ Այս նոր դրվագով քրեական գործը վերաբերում է Մարտի 1-ի գործողությունների ժամանակ, մասնավորապես մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության ապօրինի գործողություններին։ Մասնավորապես՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել և շրջանառության մեջ են դրվել համապատասխան պաշտոնական փաստաթղթեր, թե իբր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 2008թ. փետրվարի 29-ին ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենք-զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին: Ըստ այդ՝ փաստաթղթերի և դրանց հիման վրա ոստիկանության պաշտոնական պարզաբանումների՝ ստացված տեղեկությունները ճշտելու, իսկ դրանք հաստատվելու դեպքում՝ հանցագործությունների խափանման, հանցանք կատարած անձանց հայտնաբերման անհրաժեշտությամբ պայմանավորված` 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 07:00-ին, ոստիկանության ստորաբաժանումները, իբր թե «տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու նպատակով գնացել են Ազատության հրապարակ, սակայն ցուցարարների կողմից դիմադրության հանդիպելուց հետո ստիպված նրանց դուրս են հանել հիշյալ հրապարակից։

Ակնհայտ է, որ այս քրեական գործով բազմաթիվ բարձրաստիճան ոստիկաններ են անցնելու, երբ պարզվի, թե ովքեր և ում հրամանով են կեղծել այդ փաստաթղթերը։

Ակնհայտ է, սակայն, որ նման քրեական գործ պետք է հարուցվի ոչ միայն ոստիկանների մասով, այլև ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների, քանի որ փաստաթղթերի նման կեղծիքներ կատարվել է նաև ԱԱԾ-ում։ Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը նախօրեին ՀԺ-ին տված հարցազրույցում նկատել էր, որ 2008 թվականի փետրվարի 29-ին ԱԱԾ կողմից գործակալական հաղորդագրության հիման վրա են պլանավորվել այդ ապօրինի գործողությունները։ Եթե ՀՔԾ-ն և քննչական խումբը կարողանա այդ գործակալական հաղորդագրությունները ուսումնասիրի՝ կտեսնի, որ ամեն ինչ շինծու է, որովհետեւ Ազատության հրապարակում այդպես էլ չհայտնաբերվեցին այն մեծաքանակ սպառազինությունները, ձողերը, փայտերը: «Մենք նկատեցինք, որ ԱԱԾ-ի գործակալները փետրվարի 29-ին նկատել են, թե ցուցարարները մեծ քանակությամբ զենք-զինամթերք են տեղափոխում հրապարակ, որը այդպես էլ չհայտնաբերվեց»,- ասել է Քոչարյանը։

Մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում ԱԱԾ-ի մասով էլ է քրեական գործ հարուցվելու, որով անցնելու են մարտի 1-ից հետո գեներալի կոչում ստացած ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ Տիգրան Բարսեղյանը, Հրաչյա Հարությունյանը՝ Կրակեմ Հրաչը, որը վերջերս ազատվեց պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից, և ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության նախկին պետ, ներկայումս ԱԱԾ պետի տեղակալ, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը։

Նշենք, որ 2008-ի մարտի 1-ին հենց Տիգրան Բարսեղյանն է գաղտնալսել ընդդիմադիր գործիչներին, սակայն, մեզ հասած տեղեկություններով՝ նա ԱԱԾ ղեկավարության համար կեղծ փաստաթղթեր է պատրաստել, դրանցում արձանագրելով, որ ինքը ընդդիմադիրների շրջանում գործակալական ցանց է ստեղծել, ընդդիմադիրների է հավաքագրել և, իրեն հասած տեղեկությունները՝ գալիս են այդ ցանցից։ Մեզ հասած տեղեկություններով՝ այդ կեղծ փաստաթղթերում անգամ շատ հայտնի ընդդիմադիրների անուններ կան, իբրև թե նրանք ԱԱԾ գործակալներ են, բայց, ինչպես արդեն նշեցինք, Բարսեղյանի հավաքագրած ինֆորմացիան եղել է գաղտնալսման արդյունք։ Սակայն արդյունքում այդ կեղծ փաստաթղթերով ԱԱԾ գեներալը հսկայական գումարներ է վերցրել պետությունից իբրև թե ընդդիմադիրներին հավաքագրելու համար։

Այնպես որ, առաջիկայում ուշագրավ բացահայտումներ են սպասվում նաև ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների մասով։

Նյութը՝ «Առաջին լրատվական»

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *