Մունետիկ

Մայիսի 25-ից կգործեն Վանաձորի նախադպրոցական ուսումնական հաստատությունների 80 %-ը

Մայիսի 25-ից կգործեն Վանաձորի նախադպրոցական ուսումնական հաստատությունների 80 տոկոսը, տնակային պայմաններում գործող թիվ 3, 4 և 8 մանկապարտեզները կբացվեն ավելի ուշ: Սովորականի պես, բայց անսովոր պայմաններում մանկապարտեզները կընդունեն 2000 երեխաներից շուրջ 300-ին: Համաճարակի տարածման վտանգը կանխելու նպատակով առաջնահերթությունը տրվել է աշխատող ծնողներին: Վանաձորի համայնքապետարանի կողմից մանկապարտեզներին բաշխվել են աշխատակից թվով դիմակներ, ձեռնոցներ, ախտահանման պարագաներ:

Համաձայն Պարետի որոշման՝ անկողնային սպիտակեղենն ամեն օր պարտադիր լվացվում և փոխվում է: Ննջասենյակներում կամ քնելու համար առանձնացված սենյակներում ախտահանումն իրականացվում է քնելուց առաջ, խաղասենյակներում կամ խմբասենյակներում՝ քնի ժամի ընթացքում: Բացառվում են նախադպրոցական ուսումնական հաստատության շենքին հարակից տարածքներում մարդկանց կուտակումները, հաստատություն հաճախող սաների ընդունում և ճանապարհում իրականացվում է հերթայնության կառավարմամբ, օրինակ՝ կարող են սահմանվել երեխաների՝ նախակրթարան գալու և գնալու ժամային միջակայքեր՝ պահպանելով մարդկանց միջև սոցիալական հեռավորություն:

    Երեխաների համար առողջ և հարմարավետ պայմանները մանկապարտեզների պատասխանատվության տակ է, այդ պատճառով կառաջնորդվեն պարետատան սահմանած հատուկ կանոնակարգով:

   Կանխարգելիչ աշխատանքները կսկսվեն մուտքի դարպասներից. երեխաները սոցիալական հեռավորություն ապահովող կարմիր գծանշումների մոտ կսպասեն հեռավար ջերմաչափում անցնելու իրենց հերթին: Խստիվ արգելված է նաև սննդի մատակարարների մուտքը մանկապարտեզ. դարպասների մոտ նրանց կդիմավորեն մանկապարտեզի տնտեսվարն ու խոհարարը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *