Մունետիկ

Մեկ ա, ես ինչքան էլ նկարագրեմ, թե ստեղ ինչ ա եղել, դուք չեք պատկերացնի

 

Հեղեղի հետևանքով Սուսաննա Վարդանյանը կորցրել է տունը, այգին, անասուններ թռչուններ: Երկու որդի ունի: Մեծ տղայի ընտանիքն առանձնացնելու համար Ալավերդու Սանահին կայարանում տուն էր կառուցել, ընդլայնման աշխատանքներ էր կատարում, չէր հասցրել սեփականության վկայական ստանալ, կենդանիները ևս գրանցված չէին: Ուստի մնացել է ձեռնունայն: Ասում է՝ 800 հազար դրամի շինանյութ էր գնել կարկուտից վնասված տանիքը փոխելու համար: Սենյակները նորոգել էին, կահավորել: «800 հազար դրամով անցած տարվա խոզերս լրիվ հանձնեցի, դմբո արած՝ մի մարոժնի էլ չկերա: Լրիվ տվի շինմատերիալի»,-կես կատակ, կես լաց պատմում է Սուսաննան ու հիշում աղետի օրվա մանրամասները. «Ամբողջ օրը անձրև էր գալի: Էրեխեքը, որ էկան, ասեցի՝ հը՞, ո՞նց էր: Ասեցին՝ «աղվեսների կղզին» բաց էր: Ա՜յ, էս դիմացը մի փոքրիկ ավազաթումբ կար, աղվեսները գալիս էին ըտեղ, խաղում էին, ջուր խմում: Մենք դրան անվանել էինք «աղվեսների կղզի»: Էդ հատվածը, որ բաց ա լինում, գետը ոչինչ անել չի կարող: Աչքս կպել էր: Վեր կացա, ասեցի՝ գնամ գոմ, կանալիզացիայի բերանը շոր դնեմ, որ ջուրը հետ չգա, անասուններս չխեղդվեն: Հագնվեցի, դուրս էի գալիս՝ տեգորս աղջիկը զանգեց, թե՝ Սո՛ւս, մեր մոստը էլ չկա, մերոնց հետ կապ չկա: Արագ-արագ դուրս եկա տեսնեմ, որ ժողովուրդը խառնված են: դուռը բացեցի, շունը երկրորդ հարկում վնգստում էր, փրկելուց հետո վազեցի, տեսնեմ մոստի էն կողմում ապրող քրոջս ընտանիքը ոնց ա, տեսնեմ մոստը փլված ա: Սեդվու ջուրը խփեց ոտքերիս, վախիցս փախա: Բարձրացա, նավթաբազայից նայեցի, տունը չէր երևում, պարեկների խմբին խնդրեցի լույս գցեն, տեսնեմ էդ տունը կա, թե չկա, ապրեն իրանք, լույս գցեցին, բարձրախոսով մերոնց հարցում արեցի, ասեցի՝ եթե լավ եք, նշան տվեք: Լույս չկար, գազ չկար, մարդիկ խելագարի պես վազում էին: Իմացա, որ մերոնք լավ են, եկա, տեսա, որ տունս արդեն քանդվել ա»: Ասում է՝ քիչ հեռու մեծ թռչնանոց ուներ, ջրավազան, այգի... Գլուխը հուսահատ օրորում է. «Մեկ ա, ես ինչքան էլ նկարագրեմ, թե ստեղ ինչ ա եղել, դուք չեք պատկերացնի: Ես գիտակցում եմ, որ 3-րդ, 4-րդ պլանում եմ: Սեփականության վկայական չուեմ, դրա համար փաստացի Կառավարությունը գտնում ա, որ ինձ ոչինչ էլ չի հասնում: 14 խոզ եմ կորցրել: Մեկն առնեմ, պահեմ, եկող տարի էլի 14-ը կունենամ, տունս ու այգիս էին ափսոս: Էդ ապրած ցավը ցմահ ինձ կուղեկցի: 20 թվին, որ ճանապարհաշինարարների հերոսության պատճառով էն մի այգիս գետը քշեց՝ բողոքեցի, ինձ ցույց տվեցին 3 մատի ֆունկցիան: Էսօր էլ համոզված եմ, որ բզի գլխին բռնցքով տալ չի կարելի: Վսյո, էդ ա ճշմարտությունը»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *