Մունետիկ

ՄԻԵԴ-ը բավարարել է հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ապահովել ռազմագերիներ Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և առողջության իրավունքը․ Ա․ Զեյնալյան

Իրավաբան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկու օր առաջ տեղեկացրել էինք, որ գերեվարված երկու զինծառայողների անունից հրատապ միջոց կիրառելու մասին դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դատարանը Ադրբեջանի կառավարությունից տեղեկատվություն պահանջելու մասին որոշում էր կայացրել՝ վերջնաժամկետ սահմանելով 22.10.2020թ։

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ բացահայտված դրվագները՝ կրկին անգամ դիմում էր ներկայացվել Եվրոպական դատարանին և ներկայացվել էին Ադրբեջանի զինված ուժերի ներգրավվածությամբ ռազմագերիների նկատմամբ պատերազմական հանցագործություններ կատարելու վերաբերյալ ապացույցներ։

Դատարանը քիչ առաջ բավարարեց հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նշված զինծառայողների շահերը ներկայացնում են փաստաբան Սիրանուշ Սահակյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը»։

Հիշեցնենք՝ փաստաբան Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ հայկական զինված ուժերի երկու զինծառայող Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են: Իրավաբանների խումբը գերեվարվածների ընտանիքների անդամների անունից դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *