Մունետիկ

Ոստիկանությունը պարզաբանում է համակարգը լքող ոստիկանների մասին լուրը

«Փաստ» օրաթերթը «տեղեկատվություն» է տարածել, թե վերջին շրջանում կտրուկ աճել է համակարգը լքել ցանկացող ոստիկանների թիվը, ոստիկանության պետը անձամբ է շրջում կառույցներում ու հորդորում չգնալ այդ քայլին, ու թե դրա պատճառը առանց «լևի» եկամուտի աշխատել չցանկանալն է:

Հայտնում ենք, որ «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը:
Ոստիկանությունում ծառայության անցնողների և այլ աշխատանքի տեղափոխվողների կամ կենսաթոշակի անցնողների քանակը լիովին համադրելի է նախորդ և մյուս տարիների ցուցանիշներին:

Ոստիկանության պետը ստորաբաժանումներում հանդիպումներ, այդ թվում՝ մարզային կառույցներ այցեր է ունեցել մեկ ամիս առաջ, նպատակը առաջին կիսամյակի արդյունքների ամփոփումն ու ծառայության ընթացքին տեղում ծանոթանալն է եղել:

Ինչ վերաբերում է «լևի եկամուտին», ապա խորհուրդ կտայինք չիմացությամբ, թե կանխակալությամբ չվիրավորել մի ամբողջ համակարգի. ոստիկանության աշխատավարձերը «չնչին» չեն, ոստիկանությունը համատարած կաշառակեր չէ և իր ոչ բազմաթիվ իրավախախտներին հենց ինքն էլ բացահայտում ու ներկայացնում է պատասխանատվության, ոստիկանությունն աշխատում է ողջ պատասխանատվությամբ ու արդյունավետությամբ, ինչի վկայությունն են հանցագործությունների բացահայտման շարժընթացը և վերջին ամիսների ցուցանիշները, որոնք հրապարակվում են ու որոնցից, որպես իրականում հավաստի աղբյուրից, կարող եք օգտվել՝ «անհավես աշխատանք»-ի կարգի անհասկանալի ու անչափելի կատերգորիաներ օգտագործելու փոխարեն:

Կրկին ու կրկին կոչ ենք անում լրատվամիջոցներին. եթե իսկապես ցանկանում եք հանրությանն արժանահավատ տեղեկատվություն տրամադրել, աշխատեք ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ: Մենք միշտ պատրաստ ենք համագործակցության:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *