Մունետիկ

Փաթման բանկի տեղեկանք չունի

 Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակչուհի Անահիտ Տոխոլի Հախվերդյանը 87 տարեկան է, մանկուց հաշմանդամ՝ մտավոր խնդիրների պատճառով: Անահիտը վաղուց միայնակ է, ծեր, անօգնական, վերջին տարիներին ամբողջովին կորցրել է տեսողությունը, գամված է անկողնուն, տեղաշարժվելու հնարավորություն անգամ չունի: Տունն էլ անասնագոմ հիշեցնող փոքրիկ մի հյուղակ է, որտեղ նա բնակվել է իր ողջ կյանքի ընթացքում:

Ժամանակին, երբ ձեռքն ու ոտքն առողջ էին ու տեսողություն ուներ՝ աշխատում էր համագյուղացիների համար՝ բնամթերքի, սննդի դիմաց: Հող էր փորում, անասուններին պահում, օգնում կենցաղային հարցերում, մի խոսքով՝ գլուխը պահում էր:

Փաթմային /այսպես են նրան կոչում գյուղացիները/ բոլորը սիրում էին, բարի, ազնիվ Փաթմեն էր, բոլորի տուն անարգել մուտք ու ելք ուներ, սպասված ու չսպասված հյուրի կարգավիճակով: Շատերն արդեն մոռացել են նրա գոյության մասին... Պետության կողմից 19000 դրամ նպաստ է ստացել, բայց դե այդ նպաստով ո՞նց կարող էր ապրել միայնակ, ծեր ու անօգնական կինը: Գյուղացիներից ոմանք օգնել են, հիմա էլ օգնող ունի՝ հարազտներից մեկն է օգնում՝ սնունդ ու դեղորայք է տալիս...

Փաթման հիմա փաստագրման խնդիր ունի, օգնել են  փաստաթղթերի հավաքագրման հարցում, բայց հասել են մի կետի, որից առաջ չեն կարող գնալ. Հարկավոր է տեղեկանք բանկից, առ այն, որ Անահիտ Հախվերդյանը  վարկառու, ավանդատու չէ: Բանկն էլ օրենքով սահմանված կարգով կտա տեղեկանքը, բայց հարկավոր է Անահիտի անձամբ ներկայանալը, իսկ Անահիտը չի կարող ներկայանալ, չի կարող անգամ տնից դուրս գալ, նունիսկ նեստել չի կարողանում:

Նրա խնդիրներով զբաղվող ընտանիքը չի կարողանում լուծել խնդիրը, որովհետև բանկերը «պարտավոր» չեն այցելել այսօրինակ քաղաքացիներին:

Պարզեցինք, որ բանկերը բանավոր համաձայնություն ունեն կենտրոնական բանկի հետ, որ աշխատակից ուղարկեն տները, որպեսզի տեղում ստորագրություն վերցնեն ու տեղեկանք տան, բայց Ալավերդուց Դսեղ՝ բարդ է գնալը…

Զրուցեցինքն սոցիալական աջակցության տարածքային բաժնի ղեկավար Գագիկ Էվոյանի հետ, վերջինս նույնպես առաջնորդվում է օրենքներով. «թող տեղեկանքը բերեն՝ անենք գործը»…

Ստացվում է, որ բանկերից որևէ մեկի ներկայացուցչի գնալը պարզապես բարի կամքի դրսևորում պետք է լինի, որն այս պարագայում՝ չի դրսևորվում, իսկ օրենսդրությունը չի նախատաեսել նման դեպքերը: Ասում են՝ քաղաքների բնակիչներին այցելում են բանկերի ներկայացուցիչները, իսկ գյուղերի՝ ոչ, դժվար է…

Ի՞նչ անել, Անահիտ Տոխոլյանին պատգարակով տեղափոխել բա՞նկ, թե՞ թողնել անօգնական ու չտրամադրել իրեն հասանելիք նպաստը, որովհետև տեղեկանք  չունի…

Նարինե Ավետիսյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *