Մունետիկ

Հիմա բացում ենք երջանկության, իմաստնության և սիրո էջը

Հիմա բացում ենք երջանկության, իմաստնության և սիրո էջը

«Հայաստանում գտնվող իմ շա՜տ սիրելի քույրեր և եղբայրներ, շնորհավորում եմ ձեզ, որ կարողացաք առանց արյան, բռնության, արժեքների ոտնահարման անցում ապահովել երկրում մեկ այլ իրողության», - հայտարարում է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը հայրենակիցներին հղած իր բաց նամակում, որ հրապարակել է «Ազնավուր» հիմնադրամը:

«Քաղաքացիական անհնազանդության օրերին ևս դրսևորեցիք արժանապատիվ ու մարդասիրական կեցվածք՝ լուծում առաջարկելով ծագող խնդիրներին այնքան սահուն ու արագ, ասես դա դյուրին էր։ Սա զարմացրեց և մտածելու տեղիք տվեց շատ այլ երկրների կառավարությունների», - գրել է Ազնավուրը՝ շարունակելով. - «Մեզ՝ սփյուռքի հայերիս համար մեծ հպարտություն էր ցույց տալ աշխարհին, որ կա մի փոքր երկիր, որի քաղաքացիները բացառիկ իմաստնություն և մարդասիրություն դրսևորեցին՝ ապացուցելով, որ բռնությունը խաղաղության և փոխըմբռնման տանող ճանապարհ չի կարող լինել։ Մեր պատմության ընթացքում շատ դժվարություններ ենք ճանաչել։ Հիմա բացում ենք երջանկության, իմաստնության և սիրո էջը»։

«Ձեզ հաջողվեց ապացուցել, որ մեր ազգն ունի գիտակցության բարձր աստիճան, և որ մեր երկրի համար առաջնահերթ է ու միշտ էլ պետք է առաջնահերթ մնա ամենակարևորը՝ միավորումը։ Այս միավորումն է, որ թույլ է տալու ապահովել երկրի բարեկեցությունը և քաղաքացիների միջև բարյացակամ վերաբերմունքը։ Ձեզ հաջողվեց ապացուցել, որ հնարավոր է ապրել միավորված և պատասխանատվության բարձր զգացումով։ Մենք՝ հայերս, կարողացանք ցույց տալ, որ «ժողովուրդ», «հայրենիք», «դրոշ», «մշակույթ», «կրոն» և «ընտանիք» բառերը մեր արժեքներն են։ Եվ որ յուրաքանչյուր հայ իր երկրում ունի հավասար իրավունքներ ու ազատություններ», - ասված է բաց նամակում:

«Ես, հավանաբար, աշխարհի հայերից ամենաֆրանսիացին եմ, սակայն ես հպարտ եմ իմ Հայաստանով և երբեք չեմ թաքցրել դա։ Շնորհակալություն հայ ժողովրդին աշխարհին մեր մարդասիրությունը ցույց տալու համար․ Հայաստանը մեծ է իր արժեքներով։ Օրինա՛կ լինենք բոլոր նրանց համար, ովքեր տարբեր են, գուցե նաև՝ ոչ այնքան բաց փոփոխությունների առջև։ Եկեք առաջ ընթանանք նույն ճանապարհով։ Վստահ եմ՝ այն լավագույնն է մեր ազգի և ժողովրդի ապագայի համար», - գրում է Շառլ Ազնավուրը:

«Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ հպարտության այս մեծ զգացումն ինձ պարգևելու համար։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը», - իր բաց նամակն ամփոփում է աշխարհահռչակ շանսոնիեն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *