Մունետիկ

Տավուշի ուղղությամբ մարտերն այս պահին շարունակվում են, հայկական կողմը կորուստներ չունի

Այս պահին մարտերը շարունակվում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշում տեղակայված Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ գիշերը 03:40-ի սահմանում Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել:

05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել Անջեյ Կասպրշչիկի հետ։ Ներկայացրել է իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։

Երեկ՝ հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ երեկվա տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 11 զոհ, հայկական կողմը՝ 4:

Գիշերվա մարտերի ընթացքում հայկական բանակը կորուստներ չի ունեցել։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *