Մի խումբ եվրախորհրդարանականներ, որոնք նախօրեին մասնակցել են Մարկ Ցուկերբերգի մասնակցությամբ կայացած ունկնդրումներին, հիասթափվել են նրա պատասխաններից՝ կարծիք հայտնելով, որ Facebook-ի ղեկավարը չի կարողացել իրենց համոզել սոցցանցի գործունեությունը փոխելու ընկերության ձգտման և հնարավորությունների հարցում, փոխանցում է РИА Новости-ն:
Եվրախորհրդարանում խորհրդարանական խմբակցութունների ղեկավարների հետ Ցուկերբերգի հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի: Հանդիպման ընթացքում Facebook-ի ղեկավարը փորձել է պատգամավորներին հանգստացնել օգտատերերի անձնական տվյալների ապահովության հարցում՝ հայտարարելով, որ ընկերությունն արդեն ոչ հուսալի հավելվածների մաղման միջոցներ է ձեռնարկել, փոխել է խնդրահարույց կոնտենտի հակազդման համակարգը և ստեղծում է գաղտնիության ապահովման նոր գործիքներ:
«Այն, ինչ այսօր ներկայացրեց Ցուկերբերգը, առանձնապես համոզիչ չէր», - հանդիպումից հետո լրագրողներին ասել է Եվրախորհրդարանում «Եվրոպայի ժողովրդական կուսակցության»՝ ամենաազդեցիկ խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը:
«Նա չկարողացավ երաշխավորել, որ Cambridge Analytica-ի հերթական սկանդալը մոտ ժամանակներս չի կրկնվի», - կարծում է եվրապատգամավորը:
Վեբերը նաև նշել է, որ Ցուկերբերգը չպատասխանեց առաջադրված բոլոր հարցերին:
Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցությունը նույնպես նշել է, որ Ցուկերբերգը գերադասել է խուսափել որոշ անհարմար հարցերից: Հանուն Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքի խմբակցության տարածած հայտարարության մեջ ասված է, որ «Ցուկերբերգի պատասխաններն ադեկվատ չէին, իսկ Facebook-ի օգտատերերը, որոնց տվյալներն օգտագործվել են ոչ պատշաճ կերպով, փոխհատուցում ստանալու իրավունք ունեն»:
0 Մեկնաբանություն