Հունիսի 11-ից գործարկվել է 1-ին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը: Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցում տարրական դպրոցի առաջին դասարանի 68 և ռուսաց լեզվով ուսուցմամբ դասարանների 35 տեղերի համար հայտերի ընդունումն ավարտվել է շատ կարճ ժամանակում: Անակնկալի եկած ծնողներին նույն հիասթափությունն էր սպասվում կենտրոնում գտնվող այլ դպրոցներում հայտագրվելիս ևս: Բնակության վայրին մոտ գտնվող դպրոցից՝ ծայրամաս տանելու անհարմարությունները, հավելյալ ճանապարհածախսն ու աշխատանքի հետ անհամատեղելիությունը տասնյակ ծնողների բերել էին Լոռու մարզպետարան:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի փոխանցմամբ խնդիրն առկա է ծայրամասային որոշ դպրոցներում ևս: Նա լուծումը տեսնում է դպրոցներում աշակերտների թվի լիցենզիայի ավելացմամբ, ինչպես նաև աշակերտներին հարակից դպրոցներ ուղղորդելով, ինչն այս պահին հնարավոր չէ:
Վարչության պետի հետ հանդիպումը չգոհացրեց ներկաներին, որոնք այլընտրանք չունենալով թողեցին երեխաների տվյալները, հավատով, որ մինչև հայտագրման վերջնաժամկետի օրը՝ օգոստոսի 31-ը, հարցը կկարգավորվի: Էլեկտրոնային հայտարարագրման գործընթացը տարածվում է նաև այն համայնքների վրա, որտեղ առկա է 1 –ից ավելի դպրոց:
0 Մեկնաբանություն