Մեր համաքաղաքացի բռնցքամարտիկ, մոսկվայաբնակ Ռաֆայել Սիմոնյանը 1 շաբաթ է ծննդավայր Վանաձորում է և որոշել է հանդիպել լրատվամիջոցների հետ: 2016թ-ին սիրողական բռնցքամարտից պրոֆեսիոնալի անցում կատարելուց հետո, Ռաֆայելն այժմ պատրաստվում է նոր մենամարտի՝ գոտու համար: Օրը, վայրն ու մրցակիցը դեռ հայտնի չեն: Բռնցքամարտիկը հանդես է գալու 91 կգ քաշային կարգում: Հայրենիքի կողմից խրախուսանքների ու պատշաճ ուշադրության չարժանանալով հանդերձ՝ երբևէ չի մտածել այլ պետության դրոշի ներքո հանդես գալու մասին: Հպարտ է իր ծննդավայրով: Առաջին քայլերն սկսել է Վանաձորում՝ մարզիչ Գևորգ Միսակյանի օգնությամբ: Բռնցքամարտով զբաղվում է 7 տարեկանից: 15 տարեկանում արդեն Հայաստանի չեմպիոն էր՝ գերծանր քաշային կարգում, ապա Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր: Մոսկվայում Ռաֆայելին մարզում է Ալեքսանդր Զոլկինը: Սերը դեպի բռնցքամարտը ժառանգել է պապիկից, ով ևս մեծ ճանաչում ունի մարզաշխարհում: Կարծում է, որ Վանաձորում բռնցքամարտը զարգացնելու հնարավորություններ կան, եթե տեղի մարզիկները խրախուսվեն ու ավելանան մարզադպրոցները:Լրագրողների հարցերը բազմաթիվ էին սպորտային ոլորտից, մինչև անձնական նախասիրություններ: Ռաֆայելի համար բոլոր ժամանակների լավագույն բռնցքամարտիկը Մայք Թայսոնն է:2010թ-ից սիրողական բռնցքամարտում Ռաֆայելը եղել է Հայաստանի ազգային հավաքականի անդամ: Աշխարհի առաջնության արծաթե մեդալից զատ, նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: 2016թ-ի օլիմպիական խաղերից հետո տեղափոխվել է պրոֆեսիոնալ ռինգ, ունեցել 5 մենամարտ, 5 հաղթանակ, որից 4-ը նոկաուտով:
0 Մեկնաբանություն