Մունետիկ

Վանաձորում քննարկել են ՏԻՄ-երում կանանց ներգրավվածության հարցերը

Հունիսի  9-ին Լոռու մարզի մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ «ՕքսԵՋեն» հիմնադրամը հանդիպում էր հրավիրել՝ «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում: «Կանայք ՏԻՄ-երում՝ որպես համայնքների զարգացման գրավական» խորագրով քննարկման նպատակն էր շահագրգիռ կողմերի հետ քննարկել ՏԻՄ-երում կանանց քաղաքական մասնակցության հիմնախնդիրները: Դրանք բազմաթիվ են` գենդերային անհավասարությունից, իրավական համակարգի խնդիրներից, մայրաքաղաք-գյուղական համայնք խտրականությունից մինչև ավագանու աշխատավարձ:

Ավելի քան 500 համայնքից 275-ում կանայք ներգրավված չեն ՏԻՄ համակարգում: Ընդամենը 8 կին համայնքապետ և 49 քաղաքներում էլ 1 կին քաղաքապետ ունենք: «Թվային վիճակագրությունը աղաղակող է»,- ասում է գենդերային հարցերով փորձագետ Լիլիթ Զաքարյանը և ներկայացնում հանրապետության կտրվածքով Լոռու մարզի արդյունքները:

Հրանուշ Ռոստոմյանը պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին: Առաջադրվել է Քարաձոր համայնքի ղեկավարի պաշտոնում: Նպատակն է ակտիվացնել կանանց ներգրավվածությունը համայնքային հիմնախնդիրների լուծման գործում:

 «Կանայք քաղաքականության մեջ» ծրագիրը իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման հիմնադրամի հետ համատեղ՝ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման ֆոնդի» ֆինանսական աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցությամբ:    

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *