Մունետիկ

Վանաձորցի 70 երեխաների ընդունելությունը դպրոց՝ օրենքների խախտման ու շահերի բախման ճանապարհով (տեսանյութ)

 2 շաբաթ է անցել 1-ին դասարանցիների ընդունելության առցանց համակարգի շուրջ Լոռու մարզպետարանի դիմաց տեղի ունեցած ցույցից: ԿԳՄՍ-ից պաշտոնական հայտարարություն դեռ չի ստացվել, փոխարենը, ծնողների դիմում-բողոքներին ի պատասխան, եկել է պատասխան գրություն, մեջբերում.«…տվյալ դպրոցում լիցենզիայով սահմանված տեղերը համալրվելու դեպքում, նախարարությունն առաջարկում է երեխային հայտագրել Ձեզ առավել հարմար այն ուսումնական հաստատությունում, որտեղ կլինեն լիցենզիայով սահմանված ազատ տեղեր, երեխային՝ ուսումնական գործընթացից դուրս չթողնելու համար»: «Կրթության մասին» ՀՀ օրենքով երեխան ծնողի համաձայնությամբ կարող է ընտրել իր ուսումնական հաստատությունը: Ստացվում է՝ համակարգն իր հետ բերել է օրենքների և շահերի բախում: Ըստ փաստաբան Արթուր Սուքիասյանի, այս իրավիճակն օրենքի ոչ հստակ ձևակերպման հետևանք է:  Խնդիրն էլ ավելի ցայտուն է հաշմանդամության խնդիրներ ունեցող երեխաների դեպքում: Փորձագետ Նարեկ Սարգսյանն այն համոզմանն է, որ ներդրված այս համակարգն իր հետ բերել է տարիների վաղեմություն ունեցող համակարգային խնդիրներ, որոնք մարզպետարանի և համայնքապետարանի համապատասխան բաժինների անգործության արդյունքն են: Ինչու՞ է ծայրամասում բնակվող ծնողի համար նախընտրելի կենտրոնի դպրոցները: Խորքային ուսումնասիրություն պահանջող հարցի պատասխանի տակ կարող է թաքնված լինել շենքային վատ պայմանները, լաբորատորիաների և դիդակտիկ նյութերի պակասը, բարձրորակ մասնագետների բացակայությունը, ներանձնային խնդիրները և ոչ միայն: Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությանից տեղեկացնում են, որ 70 երեխաների տվյալներն ուղարկվել են նախարարություն:Մոտեցում չունեն նոր դասարան բացելու, փոխարենը կավելացնեն սահմանված թույլատրելի չափով դասարանների առավելագույն խտությունը: Ուսումնասիրություն իրականացնող հանձնախմբին հանդիպեցինք Վանաձորի թիվ 4 դպրոցում: Դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը նշեց, որ 20 օր առաջ առաջին դասարանցիների ընդունելության համար 12-ով ավելացրել են լիցենզիայով սահմանային տեղերի քանակը 400-ից հասցնելով 412-ի, արդյունքում, սակայն, այս տարի 20 –ով պակաս առաջին դասարանցի կհաճախի դպրոց, քանի որ ծնողների ցանկություններից ելնելով, սահմանային տեղերի խախտումներ դպրոցում չեն լինելու: Ի տարբերություն Վանաձորի թիվ 4 դպրոցի՝ հարակից թիվ 3 դպրոցում կան տարածքներ, որոնք վերանորոգվելու դեպքում նոր դասասենյակներ կարող են ծառայել: Ավելին՝ շենքային պայմանները թույլ են տալիս դպրոցում իրականացնել երկհերթ կրթություն, ինչպես նախկինում էր: Հաշվարկել են՝ թիվ 3 դպրոցից մոտավորապես 30 երեխա է դուրս մնացել: Լիցենզիայի քանակով դպրոցին տրված 80 տեղը մեծ մասը զբաղեցրել են դպրոցի ուսուցիչների երեխաներն ու քույր եղբայրները՝ օգտվելով առցանց համակարգի ընձեռած նախապես հայտագրվելու արտոնությունից: Չնայած բազմաթիվ թերություններին՝ ներդրված առցանց ընդունելության համակարգը դրական է ազդել քաղաքի թերծանրաբեռնված կենտրոնական դպրոցների վրա:

Մանրամասն՝ տեսանյութում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *