Մունետիկ

Յուրաքանչյուր համայնքապետ պատասխանատու է իր համայնքի զարգացման համար․ Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է մազխորհրդի նիստ, որին մասնակցել են մարզի ղեկավարը, համայնքապետերն ու վարչական շրջանների պատասխանատուները։ Քննարկվել են համայնքների գործունեության կազմակերպմանը և մարզի զարգացման գերակայություններին ուղղված օրակարգային հարցեր։

Նախարար Պապիկյանն իր ողջույնի խոսքում նկատել է, որ այս և հանրապետության մյուս մարզխորհրդի նիստերին իրենց նախարարության ներկայացվածությունը համապետական բնույթի մարզային և համայքնային խնդիրները վեր հանելու և լուծումներ գտնելու նոր աշխատանքային մշակույթի ձևավորման հիմք է հանդիսանում։ 

«Կարևոր եմ համարում անձամբ ձեզնից լսել համայնքներում կուտակված և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին։ ՀՀ կառավարությունը այս 1,5 տարվա ընթացքում համայնքապետերի համար ստեղծել է քաղաքական և վարչական անհրաժեշտ բոլոր նախադրյալները նոր փոփոխությունների համատեքստում իրենց դրսևորելու և բարձր պատասխանատվությամբ սեփական հայրենիքի շենացման գործին նվիրվելու համար»,-ասել է նախարարը։ Ըստ նախարար Պապիկյանի՝ երկրի և համայնքների զարգացման իշխանության  տեսլականը հանգում է իրավական պետության հիմնարար այն սկզբունքին, համաձայն որի, անկախ կուսակցական պատկանելությունից, ժողովրդից ստացած իրավունքն ու մանդատը անհրաժեշտ է պատասխանատու կերպով օգտագործել՝ ի բարօրություն հենց այդ ժողովրդի և համայնքի զարգացման համար:
«Որևէ համայնք, համայնքապետ չի կարող ասել, որ իրեն հնարավորություն չի ընձեռվել նոր փոփոխությունների համատեքստում ինքնադրսևորվելու։ Յուրաքանչյուր համայնքապետ պատասխանատու է իր համայնքի զարգացման համար»,-շեշտել է Սուրեն Պապիկյանը: Խոսելով ապագային միտված ծրագրերից՝ Պապիկյանը նշել է, որ համայնքապետերի առջև խնդիր է դրված ունենալ համայնքի զարգացման տեսլական և ներկայացնել այն՝ ելնելով համայնքի բնակլիմայական պայմաններից, հնարավորություններից և եկամուտներից։

Նախարարն անհրաժեշտ է համարել որակական փոփոխություն մտցնել սեփական պատկերացումներում ու գործողություններում՝ միաժամանակ առաջնորդվելով պետության համար կարևորագույն նախաձեռնություններում փոխադարձ վստահությամբ։ «Այժմ յուրաքանչյուրդ ձեր համայնքը զարգացնելու իրական հնարավորություններ ունեք, բայց հաջողելու է այն համայնքապետը, ով որակական փոփոխություն կմտցնի համայնքային ծառայության իր համակարգում և առաջնահերթություն կտա երիտասարդ, որակյալ կադրերին, ովքեր պատրաստ են մասնակցել սեփական համայնքի զարգացմանը»,- ասել է Սուրեն Պապիկյանը։

Անդրադառնալով Վանաձորում առաջիկայում նախատեսվող միջոցառումներին՝ նախարարն ուրախությամբ փաստել է, որ համայնքի համար այսօր ստեղծվում են տնտեսական և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման լայն հնարավորություններ, որոնց իր գործուն աջակցությունն է ցուցաբերում ՀՀ կառավարությունը։ «Լիահույս եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում հանրապետության 3-րդ քաղաքը՝ Վանաձորը, կրկին վերագտնելու է իր երբեմնի հմայքը, և դառնալու է ցանկալի վայր զբոսաշրջիկների համար»,- շեշտել է նախարարը։

Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարների և մարզպետարանների պատասխանատուների հետ քննարկվել են համայնքային նշանակության մի շարք հարցեր, որոնք վերաբերել են տարաբնույթ ծրագրերի՝ շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ծագող խնդիրներին, հողերի արդյունավետ կառավարմանն ու սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարձրացմանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *