Մունետիկ

Յուրացման դեպք է բացահայտվել Վարդաբլուր համայնքում

Հուլիսի 13-ին ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքի նախկին ղեկավար Արտավազդ Գալստյանը պաշտոնավարման տարիներին չարաշահումներ է թույլ տվել։

Նյութերի նախապատրաստման ընթացքում վարչության քրեական հտախույզները, համագործակցելով ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Արագածի բաժնի աշխատակիցների հետ, պարզել են, որ 2014-2017 թթ. ընթացքում համայնքապետարանը կեղծ պայմանագրեր է կնքել գյուղի մի քանի բնակիչների հետ՝ նրանց պատկանող մեքենաները համայնքային նպատակներով շահագործելու վերաբերյալ։ Սակայն մեքենաները չեն շահագործվել, իսկ պայմանագրով նախատեսված գումարները Գալստյանը յուրացրել է։
Պարզվել է նաև, որ տարբեր տարիներին Գալստյանը տեղակալ է հրամանագրել երկու հոգու, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ աշխատավարձերը համայնքապետը յուրացրել է։
Միաժամանակ պարզվել է, որ Արտավազդ Գալստյանը տարբեր ժամանակներում գյուղացիների անվամբ ձևակերպել է դրամական օգնություններ, որոնք շահառուներին չեն վճարվել. կեղծելով նրանց ստորագրությունները՝ Գալստյանը յուրացրել է գումարը։

Նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ Վարդաբլուր համայնքի նախկին ղեկավարը 2010-2017 թթ․ ընթացքում կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով յուրացրել է նախնական հաշվարկով շուրջ 4,5 մլն դրամ։
Ձեռնարկվում են միջոցառումներ Արտավազդ Գալստյանին հայտնաբերելու ուղղությամբ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *