Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազատության հրապարակում 17 կուսակցությունների հրավիրված հանրահավաքն ավարտվեց Ազգային ժողովի մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ավելի վաղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հավաքի մասնակիցներին կոչ էր արել տուն գնալ՝ նշելով, որ մինչև ժամը 24:00-ն կսպասեն ԱԺ խորհրդի անդամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որպեսզի խորհրդի նիստ գումարվի և արտահերթ նիստ հրավիրվի, իսկ եթե դա տեղի չունենա, հանդես կգան մամուլի ասուլիսով և կներկայացնեն հետագա անելիքները: Խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունները Ազատության հրապարակում հանրահավաք են անցկացրել, որի ընթացքում ներկայացրել են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը: ՀՀ ոստիկանությունը պահանջել է դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը, նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, արգելվում է հավաքների անցկացումը: Ոստիկանությունը հավաքի վայրից բերման է ենթարկել 129 քաղաքացիների, որոնցից 41-ն արդեն ազատ են արձակվել: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները կառավարության շենքի դիմացից շարժվել են դեպի Ազգային ժողով և այնտեղ շարունակել իրենց հանրահավաքը: Այդ ընթացքում անհայտ անձի կողմից կիրառվել էր ծխացող նռնակ:
0 Մեկնաբանություն