Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։ Նիստին ներկայացել են ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, նրանք Ռոբերտ Քոչարյանի ազատման համար անձնական երաշխավորություն են ներկայացրել: Այս հարցը պետք է քննվեր դեռևս մարտին, սակայն դատավորի առողջական խնդիրների պատճառով նիստերը հետաձգվել էին:
Նիստին մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը: Ինչպես օրեր առաջ հայտնի դարձավ, վերջինս առողջական խնդիրներ ունի և պետք է ենթարկվի վիրահատության: Նա դատարան ներկայացրել է Իզմիրյան բժշկական կենտրոնից:
Դատական նիստին քննարկվելու են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ 3 միջնորդությունները. կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ խափանման միջոց կալանավորումն ընդհանրապես վերացնելու մասին, գրավի կիրառում կամ անձնական երաշխավորություն։
Առաջինը քննարկվեց անձնական երաշխավորության հարցը:
Փաստաբան Հայկ Ալումյանը, ներկայացնելով նախկին վարչապետերի կողմից Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությունը, դատավոր Աննա Դանիբեկյանին մեղադրեց որպես վարույթ իրականացնող մարմին առանձնահատուկ ջանասիրություն չդրսևորելու մեջ:
Այուհետև ներկայացրեց վարչապետերի համատեղ դիմումը, և նիստերի դահլիճ հրավիրվեցին նախկին վարչապետերը:
Նրանք ստորագրեցին դատարանի կազմած արձանագրությունը, որով պարտավորվեցին ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը, ապա հեռացան նիստերի դահլիճից:
Պաշտպանական կողմը՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանի, հիշեցրեց, որ այսօր Շուշիի ազատագրման օրն է և պնդեց, որ Ռոբերտ Քոչարյանը մեծապես ներգրավված է եղել Արցախյան ազատամարտում:
Վարդևանյանը ուշադրություն հրավիրեց նաև երաշխավորություն ներկայացնողների հեղինակության վրա:
Հիշեցնենք՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է 2008 թվականին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։
0 Մեկնաբանություն