Ազգային ժողովը քննարկում է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
Օրենքի նախագծերի փաթեթը հեղինակել են ՀՀ կառավարությունը և խորհրդարանական խմբակցությունները՝ համատեղ:
Նախագծի նպատակն է ունենալ Սահմանադրությամբ խորհրդարանական մոդելին համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններ,-ընդգծեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, հարցի հիմնական զեկուցող Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանել մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մեծամասնական կարգով ընտրություններ, իսկ 4000 և ավելի ընտրող ունեցող և մինչև 4000 ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում՝ տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ անցկացնել:
Պապիկյան ընդգծեց՝ սա կարևոր է այն առումով, որ քաղաքական կուսակցությունները կարող են իրենց ունեցած ռեսուրսն իրացնել համայնքային ավագանիում:
Ընտրողների քանակին համապատասխան սահմանվել է նաև համայնքների ավագանու անդամների թիվը,-նշեց Պապիկյանը:
Մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար 6 %-ից իջեցվել է 4-ի, իսկ կուսակցությունների դաշինքների համար 6 %-ի՝ գործող 8-ի փոխարեն:
Ըստ քննարկվող օրենքի՝ 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ղեկավարների դեպքում համայնքի ղեկավարը կարող է պաշտոնանկ արվել համայնքի ավագանու կողմից անվստահություն հայտնելու դեպքում:
Նախարարը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին ի պատասխան ընդգծեց նաև, որ այս նախագծի նպատակն է հանրության միջից ջարդել ազգակցական կամ կրիմինալ կապերի վրա հիմնված մտածողությունը:
«Մենք ունենք Հայաստանում հետհեղափոխական շրջանում ժողովրդավարական ճանապարհով ընտրված Կառավարություն և ԱԺ, բայց շատ համայնքներում շարունակում են պաշտոնավարել նախահեղափոխական ժամանակներում ընտրված համայնքապետեր»:
Պապիկյանը շեշտեց, որ նրանց հետ որևէ խնդիր չի ունեցել, բայց հասարակության տարբեր շերտեր իրենց մեղադրում են, որ շարունակում են աշխատել նախահեղափոխական շրջանի համայնքապետերի հետ, ուստի իրենք հնարավորություն են ընձեռելու, որ ՀՀ քաղաքացին իր համայնքում հաստատի իր իշխանությունը:
0 Մեկնաբանություն