Կառավարության այսօրվա նիստն սկսվել է սահմանային իրավիճակին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրադարձով և 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ սահմանին վերջին օրերի լարվածության հետևանքով զոհված տղաների։
Վարչապետն իրազեկել է, որ գիշերը Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատները ավելի քան 100 հոգանոց կազմով հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ Տավուշի մարզի «Անվախ» կոչվող սահմանպահ դիրքը գրավելու նպատակով․
«Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ և հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները»։
Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ հայոց բանակի դիրքապահները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը՝ հակառակորդին հասցնելով նախնական տվյալներով մարդկային և տեխնիկական կորուստներ։
Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան՝ ո՛չ խաղաղ բնակչության, ո՛չ զինվորականների շրջանում, թշնամու վերջին օրերի հրետակոծության հետևանքով վնասվել են քաղաքացիական օբյեկտներ և բնակիչների տներ։
Սահմանից գալով թիկունք՝ վարչապետը նախ ընդգծեց, որ մեզ ամուր թիկունք է անհրաժեշտ, մինչդեռ մեր երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է մտահոգիչ լինել․
«Երեկ գրանցվել է կորոնավիրուսի 554 նոր դեպք՝ 2190 թեստերի ընդհանուր թվից»։ Վարչապետը կոչ արեց քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները, քանի որ դրանց շնորհիվ, ըստ նրա, առողջապահական համակարգի լարվածությունը փոքր-ինչ թուլացել է։ Այս առումով դրական արձանագրումներ կատարեց նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․ «Համեմատական անցկացնելով մոտավորապես երկու շաբաթվա վաղեմության թվերի և իրավիճակի հետ՝ պետք է արձանագրենք, որ առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու և մեր քաղաքացիներին արագ և պատշաճ բուժօգնություն տրամադրելու մասով մենք ունենք էական առաջընթաց, նաև թվի բացարձակ մեծ, բայց կայուն լինելը արդյունք է բոլոր հակահամաճարակային կանոնների պահպանման»։ Թորոսյանը տեղեկացրեց, որ մոտ 4 օր է՝ տանը կամ այլ բժշկական հաստատություններում հոսպիտալացման սպասող քաղաքացիներ չկան, ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը տատանվում է մոտ 650 թվի շուրջ, արհեստական շնչառական ապարատին միացված է մոտ 50 քաղաքացի։ Ընդհանուր առմամբ 607 քաղաքացի մահացել է կորոնավիրոսից։ Նախարարը ևս կոչ արեց առանց վերահսկողության հակահամաճարակային կանոնները դարձնել առօրյայի մի մաս։
0 Մեկնաբանություն