Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրած ասուլիսում ամփոփել է նախարարության աշխատանքները:
Նրա տեղեկացմամբ՝ նախարարության ծախսերն այս տարի ավելացել են նախորդ տարվա համեմատ՝ կապված պարգևատրման ֆոնդի ավելացման ու աշխատավարձերի բարձրացման հետ։
«Մեզ մոտ կապիտալ շինարարության հետ կապված նախորդ տարի բավական աշխատանք էր արվել, ամբողջովին վերնորոգվել և արդիականացվել է ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը։ 34 հրշեջ-փրկակարարական ջոկատներում կատարվել են վերանորոգման աշխատանքներ, դրա համար հատկացվել է 1մլրդ 174 մլն դրամ»։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ Ճապոնիայի կառավարության կողմից ընդհանուր հաշվով տրամադրվել է 42 միավոր տեխնիկա, որոնց գերակշիռ մասը տրամադրվել է Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերին։
Բարեգործական ծրագրերով և գնումների միջոցով նախարարությունը ձեռք է բերել ձեռքով հրդեհաշիջման գործիքներ:
Ցոլակյանը տեղեկացրել է նաև, որ ընթացքի մեջ է օպտիմալացման գործընթացը։ Արդյունքում ՊՈԱԿ-ներն այլևս չեն գործելու:
«Աշխատել ենք այնպես անել, որ կրճատումներ չլինեն, հաստիքների կրճատումներ չեն լինելու, լինելու են պաշտոնների կրճատումներ, փորձել ենք ուժեղացնել այն ստորաբաժանումները, որոնք անմիջապես աշխատանքի և հանրության հետ անմիջական շփման մեջ են»:
Մանրամասնելով օպտիմալացման գործընթացը՝ նախարարը նշել է.:
«Երևանում ունենք բաժիններ, որոնք սպասարկում էին 1-2 համայնք, դրանք փակեցինք, որի արդյունքում ավելացրինք փրկարարական ջոկատներում տեղակալի հաստիքներ, ստեղծեցինք 1 բաժին՝ քաղաքի վարչություն, որն էլ անմիջականորեն կղեկավարի հրդեհաշիջման աշխատանքները»:
Նախարարը նաև ընդգծեց, որ կատարվել են մի շարք դպրոցների և մանկապարտեզների սեյսմիկ ռիսկերի գնահատման եզրակացություններ:
2019 թ.-ին 10.237 հրդեհ է եղել, 2018 թ.-ին՝ 6.500։ Նախորդ տարի, Ֆելիքս Ցոլակյանի խոսքով, եղել են մեծ հրդեհներ և փրկարարները պատվով դուրս են եկել այդ իրավիճակից։
«Նախորդ տարի ունեցանք 1 զոհ, 1 վիրավոր»: Նախարարը տեղեկացրեց, որ խրախուսման համակարգի համար մշակում են բալային համակարգ՝ որ լավ աշխատողը շատ ստանա, վատ աշխատողը՝ քիչ կամ չստանա։
«Աշխատողն անպայման իր պարգևը կստանա»,-ասել է նախարարը և շեշտել,որ նախարարության տեխնիկական պահանջները չեն բավարարում այն խնդիրներին, որ դրվել են իրենց առաջ:
Ըստ նրա՝ կառավարության հետ պայմանավորվածություն կա նոր տեխնիկայով համալրվելու: Մյուս ամիս արդեն գործի կդրվի բալային համակարգը
0 Մեկնաբանություն