Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է.
«Մեծարգո պարոն Վարչապետ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:
2018 թվականին մեր երկրում տեղի ունեցած քաղաքական զարգացումները հանգուցալուծվեցին խորհրդարանական արտահերթ ընտրություններով, որոնց արդյունքում մեր ժողովուրդը արտահայտեց իր մեծ վստահությունը Ձեզ և Ձեր ղեկավարած քաղաքական ուժին:
Այսօր Դուք կրկին ստանձնում եք ՀՀ Վարչապետի պատասխանատու պաշտոնը՝ բարվոք լուծման առաջնորդելու մեր երկրի առջև ծառացած խնդիրները և կյանքի կոչելու լուսավոր ապագայի հանդեպ մեր ժողովրդի հույսերն ու ակնկալիքները:
Ի խորոց սրտի մաղթում ենք, որ Ամենակալ Տերը զորակից լինի ու հաջողություններ պարգևի Ձեզ՝ Ձեր բարձր և պատասխանատու առաքելության մեջ՝ ի խնդիր մեր հայրենիքի անշրջելի առաջընթացի և մեր ժողովրդի շեն ու բարօր կյանքի:
Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի Ձեզ` շնորհելով կենաց արևշատ օրեր և ամենայն բարիք»:
0 Մեկնաբանություն