Անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանի ելույթը բավականին համապարփակ ելույթ էր, հստակ մտածված, հստակ շեշտադրումներով եւ հստակ ուղերձներով ելույթ էր։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ առաջին անգամ ՀՀ նոր իշխանությունը Արցախի հարցում հղեց ուղերձ միջազգային հանրությանը, Ադրբեջանին, եւ դա ներքին օգտագործման ուղերձ չէր, այլ արտաքին։
Մարուքյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ Արցախի ներկայացուցիչների վերադարձը բանակցային սեղան առաջնահերթություն է, եւ իրենց քաղաքական ուժն այս գործում աջակցում է օրվա իշխանությանը։
ԼՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ մեծ ակնկալիքներ չկան առաջիկա հանդիպումից, բայց վարաչապետի ելույթում հստակ հարցեր բարձրացվեցին սկզբունքների եւ տարրերի հետ՝ առ այն, որ դրանք պետք է մեկնաբանվեն ոչ թե Ադրբեջանի սրտով, այլ միջազգային հանրության կողմից, եւ դրանք չպիտի լինեն կողմերի շահեր հետապնդող մեկնաբանություններ․
«Մենք, բնականաբար, շատ լավ ենք նայում Արցախում Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի անցկացմանը եւ նորմալ ենք գնահատում արձագանքները։ Արցախին բանակցային սեղան վերադարձնելու հարցը չպետք է սպասի Ադրբեջանի համաձայնությանը, մենք միջազգային հանրության հետ պետք է աշխատանք տանենք, մեր դեսպանատները, մենք՝ պատգամավորներս, պետք է օգտագործենք ցանկացած հարթակ՝ աշխարհի բոլոր մայրաքաղաքներում, միջազգային հաստատություններում բանակցություններ տանենք եւ բացատրենք, որ առանց Արցախի ներկայացուցչի չի կարող արդյունավետ ու պտղաբեր բանակցություն լինել»,-ասաց Էդմոն Մարուքյանը։
0 Մեկնաբանություն