Քաղաքականություն

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է

  Արդարադատությունը պետության հիմքն է, բայց ոչ մեր երկրում: Այլապես տեղի չէր ունենա թավշյա հեղափոխություն, չէր հռչակվի նոր Հայաստանի կառուցման գաղափարը, և վերջապես օրերս պետության վարչապետը չէր ազդարարի հեղափոխության երկրորդ փուլի սկիզբը` դատական համակարգի վիրահատական փոփոխությունների անհրաժեշտությունը, և շրջանառության մեջ չէր դրվի Vetting (վեթինգ) եզրույթը:

            Ի վերջո մենք պետք է կարողանանք ինքներս մեզ խոստովանել, որ մեր երկրի, մեր ժողովրդի բոլոր ձախողումների, անհաջողությունների պատճառները պայմանավորված են Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայության բացակայությամբ: Օրենքի գերակայությունը պետության հիմքն է. դա ասել են դեռևս հին հռոմեացիները: Ասել և սահմանադրական հոդվածով այդ դրույթը ամրագրել ենք նաև հայերս: Այնուամենայնիվ, օրենքի գերակայության հաստատման ժամանակը Հայաստանում դեռ նոր պետք է գա: 

            Վերջին՝ ավելի քան 25 տարիների ընթացքում առաջին անգամ կառավարության ղեկավարը բարձրաձայնեց դատական համակարգի առողջացման, անցումային արդարադատության անհրաժեշտության մասին: Այսինքն երկրի ղեկավարությունը պատրաստ է իշխանական ուղղահայացով դատական համակարգի արմատական փոփոխությունների:

            Սակայն, չգիտես ինչու, կա մտավախություն, որ դատական համակարգի հսկայական բանակը, արդեն իսկ ցուցաբերելով դիմադրություն, այնուամենայնիվ  կկարողանա թուլացնել վիրահատական փոփոխությունների թափը, փոխարինելով այն «թերապևտիկ» միջոցառումների շարքով և անցումային արդարադատությանը թողնելով միայն կարգախոսային բնույթ:

              Երբ գործողության մեջ է դրվում որևէ օրենք, մշակվում և գործածվում են նաև այդ օրենքի կիրառման մեխանիզմները՝ օրենսդրության համապատասխան հոդվածներով, «զսպիչների և հակակշիռների» համակարգով: Ուստի կարծում եմ, որ իշխանության ուղղահայացին  այս գործում պետք է հենարան դառնա հասարակության հորիզոնականը: Այլ կերպ ասած՝ հասարակությունը չպետք է պասիվ դիտորդի կամ միայն ընթերցողի և մեկնաբանություններ գրողի դերում հանդես գա անցումային արդարադարության գործընթացում: Պետք է փոխվի վերաբերմունքը հասարակության և նրա յուրաքանչյուր անդամի, նրա ունեցած կարծիքի և ընդհանրապես  հասարակական կարծիքի նկատմամբ, քանի որ  իշխանության բոլոր թևերի գործունեության պատվիրատուն կա և մնում է հասարակությունը իր անդամներով: Հասարակությունը իր վրա պետք է վերցնի զսպիչի և հակակշիռի դերը տվյալ գործընթացում, հանդես գա ոչ միայն որպես անցումային արդարադատության իրականացման պատվիրատու, այլ նաև ակտիվ մասնակից:

Ինչպե՞ս.

            Առաջարկում եմ ներդնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի իրավաբանական վերլուծության մեխանիզմը. տվյալ դատավորի կողմից կայացրած վճռի՝ օրենքին համապատասխանության ստուգման նպատակով: Դա որևէ կերպ չի խաթարելու դատավորի անկախության սահմանադրական իրավունքը՝ ՀՀ Սահմանադրության 164 հոդվ.1-ին կետի պահանջը: Պետք չէ դատավորի անկախությունը բացարձականացնել, նա անկախ է արդարադատություն իրականացնելու գործընթացում՝ դատական  գործի քննության, վճռի կայացման փուլում նրան ոչ ոք և ոչինչ չի կարող խանգարել, միջամտել, այնպես, ինչպես  հնարավոր չէ խանգարել վիրաբույժին՝ նշտարը ձեռքին վիրահատություն անելիս: Սակայն վճիռը կամ դատական որոշումը կայացնելուց և այն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատավորի «արտադրանքը» կարող է դառնալ ուսումնասիրության առարկա`օրենքին համապատասխանելու, դատավորի անաչառության, կատարած աշխատանքի որակի տեսանկյունից: Մինչ օրս մենք ունենք մի վիճակ, երբ դատավորը բացարձակ անկախ  է՝ իր գործունեության մեջ, իրավակիրառման հարցում, նույնիսկ օրենքից: Այսինքն մենք դեռևս ունենք պետություն պետության մեջ՝ օրենքից և ամեն ինչից բացարձակ անկախ, ոչ հաշվետու, սեփական չգրված  «օրենքներով» գործող դատական համակարգ : Բոլորիս  սովորեցրել են, որ կարելի է քննադատել ուսուցչին, դպրոցի տնօրենին, բժշկին, մատնացույց անել և քննադատել նրանց խոտանը, մինչդեռ տաբու է եղել դրված դատավորի խոտանի քննադատության իրավունքի վրա:

            «Վեթինգ» հասկացությունը լայն իմաստով նշանակում է ստուգում՝ մարդու, պաշտոնյայի անձնական տվյալների, ունեցած կապերի, նախկինում իրականացրած գործունեության և այլն: Ուստի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի՝ օրենքին համապատասխանության, դատավորի կատարած աշխատանքի ստուգումը լրիվ տեղավորվում է վեթինգի շրջանակներում: Տվյալ դեպքում վեթինգի  նպատակը ոչ թե օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը փոփոխելն է, այլ դատավորի մասնագիտական որակների, անաչառության, օրենքի տառով ղեկավարվելու կամ չղեկավարվելու, ակտում տեղ գտած խախտումների նկատմամբ անուղղակի եւ անկախ վերահսկողության (ստուգման) իրականացումն է: Օրենքը չի արգելում post factum ստուգել դատավորի աշխատանքը:

Ովքե՞ր են  կատարողները.

            Իրավաբանի մասնագիտական որակավորում ունեցող անձիք՝ պետական կառույցներում չաշխատող իրավաբաններ, հասարակական կազմակերպություններում ընդգրկված  իրավաբաններ, երիտասարդ իրավաբաններ, դատավորների հետ գործարքներ չունեցած գործող փաստաբաններ, կենսաթոշակային տարիքը լրացած փորձառու իրավաբաններ: Միայն իրավաբաններ, քանի որ օրենքի իմացությունը անհրաժեշտ պայման է: Վերը նշված իրավաբանները կարող են միավորվել, հիմնել իրավաբանական խորհրդատվության կազմակերպություններ, որտեղ ոչ միայն կմատուցվեն  իրավաբանական խորհրդատվական ծառայություններ, այլև կիրականացվի  դատական ակտերի մոնիթորինգ, ստուգում:

Ո՞րն է հաջորդ քայլը.

              Որպեսզի ստուգումը լինի արդյունավետ արդյունքները պետք է հրապարակվեն: Դրա համար պետք է հիմնվեն առցանց աղբյուրներ, տեղեկատվական հարթակներ, որտեղ կտպագրվեն, հանրության ուշադրությանը որոշակի պարբերականությամբ կներկայացվեն ստուգման հաշվետվությունները, որոնցում պետք է հստակ նույնականացվեն կոնկրետ դատական գործերը (գործի համարը, ակտի կայացման ամսաթիվը, ակտը կայացնող դատավորի/դատավորների անունները), եւ մանրամասն ներկայացվեն այդ դատական գործերում տեղ գտած նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի խախտումները: Յուրաքանչյուր տարվա վերջում պետք է կազմվի բացահայտված խախտուների տարեկան ամփոփ հաշվետվություն և ներկայացվի ՀՀ ԱԺ, ՀՀ Կառավարություն, ՀՀ Նախագահին, ԲԴԽ-ին, իրավական խնդիրները լուսաբանող ԶԼՄ-ներին:

             Հասկանալի է, որ ոչ մի դատավոր չի ցանկանա, որ իր տված խոտանը դառնա հանրության ուշադրության առարկա, առավել ևս չի ցանկանա հայտնվել ամփոփիչ հաշվետվությունում, քանի որ վաղ թե ուշ կդրվի նրա մասնագիտական պիտանելիության հարցը: Սակայն որևէ  կերպ ազդելու  գործը ստուգող փորձագետ-իրավաբանի վրա չի լինելու առհասարակ, քանի որ գործելու է խորհրդային տարիներին   գիտական թեզերի ստուգման «черный оппонент» ձևաչափը, որի դեպքում ոչ ոք չի իմանալու՝ որ գործը ով է ստուգելու:

             Վերջերս որոշ դատավորների կողմից հնչեցվել է աշխատավարձի բարձրացման  հարցը, ինչը ըստ իրենց՝ դրական կանդրադառնա դատավորների աշխատանքի որակի վրա: Աշխատավարձը անգամներով գերազանցող կաշառք վերցնող դատավորին որքան էլ բարձրացվի աշխատավարձը էլի քիչ է լինելու: Իհարկե ավել թիքեն փոր չի ծագի /կասեր ժողովուրդը/,բայց արդարադատության  հաստատման հարց  անկասկած չի լուծի: Ուստի անհրաժեշտ են ավելի վճռական, շոշափելի արդյունքներ կանխատեսող քայլեր: Դրանցից մեկը կարող է դառնալ առաջարկվող նախագիծը:

Ի՞նչ կտա այս նախագիծը, ակնկալվող արդյունքների մի քանի դիտարկումներ.

Համաձայն ՀՀ դատավորների միության վերջերս արված հայտարարության՝ 2018թ. Հայաստանի դատարանները քննել են մոտ 250,000 դատական գործ: Այսինքն, մոտ 500,000 մարդ ընդգրկված է եղել դատական  գորընթացներում: Դժվար թե պատկերը փոխվի 2019թ., 2020թ. և հաջորդ տարիներին: Մի քիչ ավել, մի քիչ պակաս, մարդկանց մոտավորապես նույն թվաքանակը՝ որպես հայցվոր կամ պատասխանող, տուժող կամ մեղադրյալ ընդգրկված կլինի դատական գործընթացներում: Ուստի շատ կարևոր է նրանց իրազեկվածության, իրավական գրագիտության մակարդակի հարցը, ինչը կարող է դառնալ դատավարության ընթացքում խախտումների բացառման լուրջ լծակ:

Ինչպե՞ս.

Առցանց աղբյուրների, տեղեկատվական հարթակների նյութերին ծանոթ դատական գործ ունեցող անձը՝ անկախ տվյալ դատական գործում ունեցած կարգավիճակից, դատական քննության սկզբում դատարանին ներկայացնում է ինքնաբացարկի միջնորդություն, պատճառաբանությամբ, որ ունի ողջամիտ կասկածներ տվյալ դատավորի անկողմնակալ, անաչառ գործի քննության  հարցում, քանի որ այդ դատավորի ազգանունը արդեն մի քանի անգամ է հանդիպել  առցանց՝ կատարած խախտումների նկարագրությամբ: Ստացվում է, որ տվյալ դատավորի նախորդ գործերի անհաջող քննությունը օգտագործվում է որպես նախադեպ իրեն անվստահություն հայտնելու համար: Դատավորը, օգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ինքնաբացարկի խիստ սահմանափակ հիմքեր նախատեսող կարգավորումներից, միանշանակ միջնորդությունը չի բավարարելու: Այնուամենայնիվ  այդ միջնորդությունը կատարելու է զսպիչի որոշակի դեր, մանավանդ, եթե դատական գործի անօրինական ելքին հաջորդի վճռի իրավաբանական վերլուծություն, որի արդյունքները կհրապարակվեն:

Ի՞նչ կտան այդ հրապարակումները.

Դատական համակարգում տեղի ունեցող խախտումների հավաստի տեղեկատվության անընդհատ թարմացվող բազա, որի օգտատերերը կլինեն.

Դատական համակարգի ղեկավարությունը՝ հիմնվելով կատարված վերլուծության արդյունքների վրա, աշխատանք տանելու համակարգի ներսում խախտումների, թերությունների վերացման ուղղությամբ:

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, որը որպես օրենսդիր կմշակի դատական համակարգի առողջացման, աշխատանքի որակի բարելավման փոփոխություններ:

ՀՀ ամբողջ հասարակությունը, որի իրավական գրագիտության աճը, երկրում արդարադատության հաստատման իր պահանջատեր լինելու գիտակցումը կնպաստի դատական համակարգում դրական փոփոխությունների իրականացմանը:

Այսպիսով, իրականացնելով այս նախագիծը՝ հասարակության հորիզոնականը  կդառնա լուրջ հակակշիռ, կկատարի զսպիչի դեր, որը էապես կազդի մեր երկրում  արդարադատության որակի բարելավման  ուղղությամբ:

Նոր Հայաստանի, որպես իրոք կայացած պետականություն ունեցող  երկրի կառուցման գործընթացի հրամայականը օրենքի գերակայության և օրենքի առջև բոլորի և յուրաքանչյուրի հավասարության հաստատման հրամայականն է:

Շարունակելի:

   Կարինե Ստեփանյան, Փիլիսոփակայական գիտությունների թեկնածու

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *