Քաղաքականություն

Արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի մինչև մայիսի 14-ը.Կառավարություն

ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարացվեց ևս 30 օրով․ որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա արտահերթ նիստում: 

Արտակարգ դրությունը ապրիլի 14-ից, ժամը 17:00-ից կերկարաձգվի մինչև  մայիսի 14-ը, ժամը 17:00-ն:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, զեկուցելով հարցը, ներկայացրեց, որ որոշումն իրավաչափ է, Կառավարությունն իրավունք ունի երկարաձգել արտակարգ դրությունը:

Նախարարի խոսքով՝ արտակարգ դրության պայմաններում կիրառվող՝  ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ սահմանափակումները կվերացվեն:

«Եթե հետագայում մոնիթորինգը ցույց տա, որ ֆեյքային նորությունները լայն ծավալում կստանան, մենք Կառավարության որոշամամբ կարող ենք վերադառնալ և կիրառել նույն սահմանափակումները»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ համաճարակային թվերի առումով մենք անկառավարելի իրավիճակ չունենք, բայց կա մի կարևոր ռիսկ, որի առաջ գտնվում ենք՝ պարետատան որոշմամբ երկարացված արտակարգ դրության պայմաններում տնտեսական գործունեության թույլատրելի շրջանակն ընդլայնվել է մի քանի նկատառումներով` տնտեսական կյանքը չմեռցնելու, նաև սոցիալական իրավիճակն էլ ավելի չբարդացնելու նպատակով․

«Բայց բոլորս հասկանում ենք, որ սա բերում է ռիսկի, որ թվերը կրկին կարող են աճել, եթե մեր քաղաքացիները հնարավոր ամենախիստ ձևով չպահպանեն համաճարակային անվտանգության կանոնները»:

Վարչապետն ասել է, որ  գործունեության և՛ ընդլայնումը, և՛ սահմանափակումը որոշակի ռիսկեր են առաջացնում, հարցը քննարկվել է մի քանի անգամ, և եկել են նման եզրահանգման:

Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին, Ն. Փաշինյանն ասել է՝ ԶԼՄ-ների վրա նախկինում դրված սահմանափակումները վերացվում են՝ պայմանով, որ մոնիթորինգ կիրականացվի, ռիսկեր առաջանալու դեպքում վերջին գործող ռեժիմը կվերականգնվի։

Արտակարգ դրության երկարացման մասին որոշումը պետք է հաստատվի  ԱԺ հատուկ նիստում:

Հիշեցնեք՝ Կառավարությունն այսօր արտահերթ նիստում քննարկեց և ընդունեց ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցը:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *