Քաղաքականություն

Ավելի քան 3 ժամ 15 րոպե․ Վիեննայում ավարտվեց Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Վիեննայում ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այն ընթանում էր Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում եւ տևեց 3 ժամ 15 րոպե:

Հանդիպումից հետո ՀՀ վարչապետը չպատասխանեց լրագրողների հարցերին: Հյուրանոցի մոտ նրան սպասում էին հայկական համայնքի ներկայացուցիչներ: Նրանք ողջունեցին վարչապետին ու լուսանկարվեցին նրա հետ:

Վիեննայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։ 

Սա Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների առաջին պաշտոնական հանդիպումն էր: Մինչ այդ նրանք մի քանի անգամ ոչ պաշտոնական շփումներ են ունեցել, որոնցից մեկի ժամանակ՝ Դուշամբեում պայմանավորվածություն ձեռք բերվեց շփման գծում լարվածությունը թուլացնելու եւ միջադեպերը կանխելու վերաբերյալ: Սույն բանավոր պայմանավորվածությունից հետո սահմանային լարումներն էապես թուլացել են:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ վարչապետը հայտարարել է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին, ինչին դեմ է Ալիեւը:

Այսօր երեկոյան ՀՀ վարչապետը հանդիպելու է Ավստրիայի հայ համայնքի հետ եւ ենթադրվում է, որ այդ հանդիպման ժամանակ որոշ փակագծեր թերեւս կարող են բացվել Ալիեւի հետ բանակցությունների ընթացքից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *