«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողներին հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ գրությունն արդեն պատրաստ է, և պաշտոնապես այն ուղարկվելու է ԲՀԿ-ին, «Իմ քայլին» և ԱԺ նախագահին:
«Քանի որ նախագիծը վերաբերում է ԱԺ խմբակցությունների լիազորությունների բարձրացմանը, կարծում եմ՝ այս փուլում արտախորհրդարանական ուժերի հետ այդ մասով կոնսուլտացիայի կարիք չկա»,- նշեց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ հանդիպումներից ու դիրքորոշումները ճշտելուց հետո նախագիծը կդրվի պաշտոնական շրջանառության մեջ:
Նրա խոսքով՝ օրինակ, այսօր խմբակցությունները հնարավորություն չունեն պաշտոնապես դիմելու ՍԴ որևէ օրենքի նորմի սահմանադրականությունը վիճարկելու հարցով, իրավունք չունեն առաջադրելու հանրապետության նախագահի թեկնածու, իրավունք չունեն նախաձեռնելու և ստեղծելու քննիչ հանձնաժողով. «Ես կարծում եմ՝ սա աբսուրդ է, մանավանդ, որ մենք հիմա ունենք 3 խմբակցություն»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ կառավարությունն ուզում է բացասական եզրակացություն տալ իրենց նախագծին առ այն, որ դեսպանները նշանակումից առաջ ներկայանան ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողով: «Սրանք ինդիկատորներ են, որ ցույց է տալիս, որ կառավարությունում հակված չեն ունենալ խորհրդարանական կառավարում»,- նկատեց Էդմոն Մարուքյանը:
Մանրամասն՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում։
0 Մեկնաբանություն