Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ կողմ քվեարկեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը: Քվեարկության արդյունքները ներկայացրեց Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը: Քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր: Կողմ է քվեարկել 81, դեմ՝ 3 պատգամավոր 1 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Փաստորեն՝ պատգամավորներն անձեռնմխելիությունից զրկեցին Մանվել Գրիգորյանին քրեական հետապնդման համաձայնություն տալով:
Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ից ձերբակալված է: Իրականացված խուզարկություններով Մանվել Գրիգորյանին պատկանող կամ նրա փաստացի տիրապետության տակ գտնվող առանձնատներում, ավտոմեքենաներում, շենքերում, շինություններում կատարվել են 6 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են 26 նռնակ, 19 հակատանկային ականանետ, տրոիլային 12 պայթաղյուս, ավելի քան 17.000 տարբեր տրամաչափի փամփուշտ, այլ ռազմամթերք ու հրազեն: Խուզարկությամբ հայտնաբերվել է նաև 71.760.000 ՀՀ դրամ, 80.000 ԱՄՆ դոլար, 67.350 եվրո, 246.500 ուկրաինական արժույթ:
Բացի այդ, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի և Էջմիածին քաղաքի համապատասխան հասցեներում գտնվող շինություններում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 33 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ «Ռոյս Ռոլս», «Տոյոտա Լանդ Կրաուզեր», «Մերսեդես», «Համմեռ», «Ռենջ ռովեռ սուպերչարջ», ինչպես նաև խորհրդային արտադրության՝ նաև կոլեկցիոն ավտոմեքենաներ, այդ թվում՝ զինվորական նշանակության տրանսպորտային միջոցներ:
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի համապատասխան հասցեում կատարված խուզարկությամբ՝ կենդանիներ պահելու համար առանձնացված հատվածում հայտնաբերվել են, Տավուշի մարզի Չորաթան գյուղի, Վերին Ծաղկավան գյուղի, Շիրակի մարզի Ախուրյանի, Երևանի մի քանի և Էջմիածնի դպրոցների աշակերտների և ուսուցիչների կողմից հավաքագրված գումարներով ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների համար որպես օգնություն ուղարկված 2 հազար 67 տարա խտացրած կաթ, 160 հատ մսի պահածո, 44 հատ բանջարեղենի պահածո, 33 հատ ձեթ, 9 պարկ և 60 տուփ մակարոն, 14 տուփ թեյ, հիգիենայի պարագաներ, դեղորայք, զինվորական նախշերով պայուսակներ, տուփերով ներքնաշոր:
Պահածոների, խտացրած կաթի տուփերի միջից և արկղերի վրա հայտնաբերվել են «Իմ քաջ զինվոր» վերտառությամբ աշակերտների գրառումներ:
0 Մեկնաբանություն