Վաղը՝ ապրիլի 16-ին, մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական քառօրյա նստաշրջանը։ Ամենայն հավանականությամբ՝ նստաշրջանը բուռն քննարկումներով կընթանա․ օրակարգում մի քանի կարեւոր հարցեր կան, այդ թվում՝ ընտրություններ։
Մասնավորապես՝ առաջիկա քառօրյայում խորհրդարանը կքննարկի կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի՝ երկար քննարկված ու սպասված նախագիծը, որը պետական կառավարման ապարատում օպտիմալացումներ է նախատեսում՝ նախարարությունների միավորում եւ կրճատում։
Այնուհետեւ՝ սպասվում են Սահմանադրական դատարանի դատավորի եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրությունները։
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է Գոռ Հովհաննիսյանը, որին առաջադրել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Իսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուն էներգետիկ եւ բնական ռեսուրսների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն է։
Այս երկու ընտրություններն էլ անցկացվելու են գաղտնի քվեարկությամբ։ Թեկնածուներն ընտրված են համարվելու պատգամավորների ¾-ի դրական քվեարկության պարագայում։
ՍԴ անդամի ընտրության հարցն ավելի խնդրահարույց է։ Հնարավոր է՝ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ չի քվեարկի նրա թեկնածությանը, քանի որ արդեն իսկ ակնարկել է, որ Հովհաննիսյանն իրենց համար ընդունելի թեկնածու չէ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի պաշտոնում Ազգային ժողովին է ներկայացրել փաստաբան Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, սակայն ՍԴ դատավորի թեկնածության համար առաջադրվել էր նաեւ հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը։ Ըստ ամենայնի՝ իշխող մեծամասնությունը Գոռ Հովհաննիսյանի ընտրությունը կտապալի ճիշտ այնպես, ինչպես նախորդ տարվա հոկտեմբերին ՀՀԿ-ն տապալեց Վահե Գրիգորյանի ընտրությունը։
Բացի այս հարցերից՝ ԱԺ այս նստաշրջանում տեղի կունենա նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության ներկայացումը։
Նյութը՝ «Հայկական ժամանակ» - ի
0 Մեկնաբանություն