Քաղաքականություն

ԱԺ-ն քննարկում է Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու հարցը

ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դադարեցնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրել է «Իմ քայլը»-ից Արթուր Հովհաննիսյանը:

«ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության, ինչպես նաև նրա լիազորությունների դադարեցման հարաբերությունները կարգավորող օրենսդրությունից պարզ է դառնում, որ թե ընտրության, թե լիազորությունների դադարեցման գործընթացները գտնվում են բացառապես ԱԺ խմբակցությունների քաղաքական որոշումների կայացման և ԱԺ-ի կողմից սեփական գործունեության կազմակերպման տիրույթներում: Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար նախատեսված չեն առանձին պահանջներ կամ չափորոշիչներ, որոնք պետք է բավարարի թեկնածուն: Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու համար նախատեսված չեն հիմքեր՝ ի տարբերություն օրինակ ԱԺ պատգամավորի, ՍԴ դատավորների դեպքում»,-ասել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ չնայած վերոգրյալին՝ «Իմ քայլը» խմբակցությունը, հավատարիմ մնալով ԱԺ գործունեության թափանցիկության ապահովման սկզբունքին, անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հանգամանքներին, որոնցից պարզ է դառնում, որ գործնականում առկա է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման անհնարինություն: «Մասնավորապես ս/թ. դեկտեմբերի 17-ին Նաիրա Զոհրաբյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում կատարել է գրառում, որն իր մեջ պարունակում է նաև հետևյալ հատվածը. «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»,-ասել է Հովհաննիսյանը:

Պատգամավորը մեջբերել է նաև Նաիրա Զոհրաբյանի՝ դեկտեմբերի 22-ին կատարած գրառումներից մեկը, որի մեջ պարունակում է նաև հետևյալ հատվածը. «Մեր երկրի թիվ 1 խնդիրը տգիտությունն է, Նիկոլի և նիկոլիզմի ավարտից հետո մենք, եթե ուզենք, այո, բռնի ուժով պետք է կրթենք նաև հասարակության այդ հատվածին, որ այլևս որևէ ընտրության ժամանակ չգնա և իր հայելային արտացոլանքին չբերի իշխանության: Ես ժեխին հայրենիք չեմ զիջելու: Հիմա ես լինելու եմ Հանրապետության հրապարակում՝ Նիկոլից ու ժեխից իմ հայրենիքը փրկելու համար: Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու, ու եթե պետք լինի, այո, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը ժեխին պետք է զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին ընտրելու իրավունքից և բռնի ուժով տանել կրթելու….»:

Հովհաննիսյանի խոսքով՝ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բազմիցս հրապարակային հանդես է եկել նույն արժեհամակարգային տրամաբանությամբ: Նա Սահմանադրությունից մեջբերումներ արեց, մասնավորապես նշեց՝  ամրագրված է, որ ՀՀ-ում մարդը բարձագույն արժեք է, մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն են:

«Այսպիսով՝ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի վերը հիշատակված գրառումներից և հրապարակային խոսքից պարզ է դառնում, որ պատգամավորի կողմից արվում են Սահմանադրությամբ ամրագրված մարդու՝ որպես բարձրագույն արժեք, անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող և վիրավորանք պարունակող հայտարարություններ, ինչպես նաև Սահմանադրությանն ուղղակիորեն հակասող դասակարգումներ մարդկանց միջև, ավելին՝ այդ դասակարգմամբ պայմանավորելով վերջիններիս՝ Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար ընտրելու իրավունքի իրացումը: Վերոնշյալն ակնբախ է դարձնում, որ Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է: «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է ԱԺ-ին՝ կայացնել որոշում Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում լիազորությունների դադարեցման մասին՝ դրանով ուղերձ հղելով ՀՀ քաղաքացիներին՝ մարդու իրավունքների և արժանապատվության նկատմամբ նսեմացնող խոսքի այդ անթույլատրելիության և դրա նկատմամբ ԱԺ-ի անհանդուրժողական դիրքորոշման մասին»,-եզրափակել է պատգամավորը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *