Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ արտահերթ ընտրությունները ավելի թափանցիկ ու ազատ էին նախորդների համեմատ: «Իմ քայլ»-ը դաշինքի հաղթանակը սպասելի էր:
«Անոմալ էր, երբ վարչապետը խորհրդարանում մեծամասնություն չուներ, հիմա ստացավ և այն համապատասխանում է պառլամենտական համակարգին»:
«Սասնա Ծռերի» ցուցակով առաջադրված Ստեփան Գրիգորյանին նախընտրական քարոզչության ժամանակ մարդիկ շատ են ասել, որ նրան և կուսակցությանը հարգում են, բայց հեղափոխությունը ավարտին հասցնելու համար պետք է ընտրեին Նիկոլ Փաշինյանին: Քաղաքագետը դա պայմանավորում է նրանով, որ մարդիկ ում հավատում են, ցանկանում են, որ նրանք մեծամասնություն ունենան:
«Սասնա ծռեր»-ի հետ համագործակցությունը կարևոր էր: Թեև հավակնում էին ավելի շատ ձայն ստանալ, բայց գրանցված արդյունքն էլ վատը չէ:
«Համարում եմ, որ բավական լուրջ արդյունք ստացան նրանք, ստանալով 22 862 ձայն, դա լուրջ արդյունք է, հաշվի առնելով, որ այդ կուսակցությունը գրանցվել է նոյեմբերին»:
Ինչ վերաբերում է խորհրդարանում ընդդիմություն ունենալուն, ապա ըստ քաղաքագետի՝ այն ավտոմատ կձևավորվի:
«Եթե «Իմ քայլ»-ը խորհրդարան անցած «Բարգավաճ Հայաստան»-ի ու «Լուսավոր Հայաստան»-ի հետ կոալիցիա չկազմի, ապա այդ ուժերը ավտոմատ կդառնան ընդդիմություն»:
Ստեփան Գրիգորյանը նաև հայտարարեց՝«Սասնա ծռեր»-ի նկատմամբ հակաքարոզչություն է եղել, կապված Արցախի հարցով:
«Ես չեմ բացառում՝ մտավախաություն կար, որ ԱԺ-ում կարող են հայտնվել հայրենասերներ: Նպատակաուղղված քարոզչություն կար, որը ինձ մինչև հիմա զարմացնում է: Մոտ ժամանակներս Արցախի հարցում զարգացումները շատ բաներ կբացեն»:
Ստեփան Գրիգորյանը հավելեց նաև, որ «Սասնա ծռեր»-ի հետ համագործակցությունը շարունակելու է:
0 Մեկնաբանություն