Քաղաքականություն

ԲՀԿ-ն արձագանքում է «Դոսյեի» հրապարակման մեջ Ծառուկյանի անձնագրի պատճենի առկայությանը (տեսանյութ)

«Հայրենիք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների հետ համագործակցության գործընթացն այլևս թևակոխում է հանրահավաքի կազմակերպչական աշխատանքների փուլ, ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով երեք ուժերի կողմից հոկտեմբերի 8-ին նախաձեռնած հանրահավաքին:

«Նախորդող 2 տարիների ընթացքում հանրության լայն շերտերի հույսերն այդպես էլ իրականություն չեն դարձել, խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվել, այսօր կա հանրային դժգոհություն։ Եվ նրանց ձայնը լսելի դարձնելու նպատակով քաղաքական երեք ուժերը հրավիրում են հանրահավաք», - հայտարարեց Իվետա Տոնոյանը։

Տոնոյանը վստահեցրեց, թե ԲՀԿ-ն մտավախություն չի ունեցել, որ չի կարողանա միայնակ մեծ հանրահավաք կազմակերպել, քանի որ իրենք ունեն մեծ ընտրազանգված և հանրային լուրջ վստահություն, պարզապես ընտրել են համագործակցության այս ձևաչափը, քանի որ երեք ուժերով ունեն 1 միասնական օրակարգ:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ Ադրբեջանի, Թուրքիայի նախագահները շատ ակտիվ տեղեկատվական, նախապատրաստական աշխատանքներ են վարում հնարավոր նոր ռազմական սադրանքների գնալու ուղղությամբ:

«Այն հայտարարությունները, որոնք մենք լսում ենք վերջին օրերին, շատ հստակ տեղավորվում են այդ նախապատրաստական տրամաբանության մեջ»:

Աբովյանը կարծում է՝ բոլոր հնարավոր և անհնարին միջազգային խողովակներով ու հարթակներում պետք է բարձրացնենք այս հարցը և ներկայացնենք ապացույցները, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ փորձում է կրկին ռազմական լարվածություն գեներացնել տարածաշրջանում:

«Ա1+»-ի հարցին ի պատասախան՝ Իվետա Տոնոյանն անդրադարձավ «Դոսյե» կենտրոնի հրապարակած հոդվածին ռուսական գործակալների մասին, որում շոշափվում էր նաև Գագիկ Ծառուկյանի անունը:

«Մարդու անձնագրի պատճենը կարող է լինել ցանկացած մեկի մոտ, և այստեղ որևէ աշխարհասասան բան պետք չէ փնտրել»,- կարծիք հայտնեց պատգամավորը՝ հավելելով, որ այստեղ կարևոր է նաև ԱԱԾ-ի դերը.

«ԱԱԾ-ն այն ջանասիրությամբ ու էնտուզիազմով, որով գաղտնալսումներ է իրականացնում քաղաքական դաշտի ընդդիմախոսների նկատմամբ, եթե նույն կերպ զբաղվեր արտաքին վտանգները կանխարգելելու և դրանք բացահայտելու ուղղությամբ, մենք բավականին լուրջ քայլ կունենայինք»,- նշեց Տոնոյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *