ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է՝ ԲՀԿ-ն չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով և գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ: Ըստ Մակունցի՝ արդյունքը կանխատեսելի է․
«Ես կարծում եմ՝ ինչպես 2015թ.-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէր առաջնորդվում իր սեփական քաղաքական, կուսակցական օրակարգով, այլ գտնվում էր այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ, այնպես էլ այսօր՝ նույն իրավիճակն է»։
Հարցին՝ ո՞ր ուժերի ազդեցության տակ է գտնվում ԲՀԿ-ն, Մակունցն արձագանքեց՝ տարբեր և հիշեցրեց մամուլի այն ժամանակվա հրապարակումները։
Անդրադառնալով արտակարգ իրավիճակի վերաբերյալ նոր օրինագծին՝ Մակունցը նախ նշեց, թե արտակարգ դրությունը վերանում է, և արտակարգ իրավիճակի ռեժիմ պետք է գործի․
«Քանի որ, այնուամենայնիվ, համաճարակի տեմպը դեռևս այն մակարդակի չէ, որով մենք հնարավորություն ունենանք ընդհանարապես վերացնել բոլոր սահմանափակումները, անհրաժեշտ են որոշակի օրենքներ, որոնք հնարավորություն կընձեռեն վերահսկողության տակ պահել, մասնավորապես՝ դիմակների կրման և մնացյալ կանոնների կարգավորումների հետ կապված»։
Մակունցն անտեղի համարեց հայտարարությունները, թե արտակարգ դրության ընթացքում խաղաղ հավաքների սահմանափակումը քաղաքական դրդապատճառներ ուներ․
«Ընդդիմադիր քաղաքական ուժերը ունեն նաև այլ հարթակներ և հնարավորություններ այս պահին իրենց խոսքը հանրությանը հասանելի դարձնելու, դիտարկումները, քննարկումները հնչեցնելու: Ընդ որում, խորհրդարանական ընդդիմությունն իր խոսքը հնչեցնելու հնարավորություն ունի ԱԺ լիագումար նիստերի դահլիճից, մամուլի միջոցով, խորհրդարանական ընդդիմադիր ուժերից մեկն էլ ունի ունի հեռուստատեսություն, որի միջոցով կարողանում է իր ուղերձները հղել, կազմակերպել բանավեճեր, քննարկումներ: Հետևաբար, այս սահմանափակումները, որոնք միտված են բացառապես մեր քաղաքացիների, բնակչության առողջության պահպանմանը և կյանքի իրավունքի ապահովմանը, որևէ կերպ չեն առնչվում դրան»։
Ինչ վերաբերում է նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածուի՝ երկրորդ անգամ Արթուր Վաղարշյանի առաջադրմանը, Մակունցը նշեց, դեռևս նրա հետ հանդիպման հետ կապված առաջարկ չի հնչել․
«Մենք, անկեղծ ասած, չգիտենք՝ ինչով է պայմանավորված Արթուր Վաղարշյանի թեկնածության առաջադրումը՝ հաշվի առնելով նախկինում ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումն ու քվեարկությունների արդյունքը: Այնուամենայնիվ, մենք կլսենք թեկնածուին և գաղտնի քվեարկությամբ մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ասել է նա:
0 Մեկնաբանություն