«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է 2 նախաձեռնությամբ հանդես գալ՝ նախ ստեղծել քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների կազմակերպման հանգամանքները:
ԲՀԿ-ն դիմելու է նաև Սահմանադրական դատարան՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման օրինաչափությունը,-այս մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնել են ԲՀԿ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը և Իվետա Տոնոյանը:
ԲՀԿ-ն կոչ է անում «Լուսավոր Հայաստան»-ին միանալ իրենց նախաձեռնություններին՝ անհրաժեշտ քանակով ստորագրություններ հավաքելու համար:
Տոնոյանի խոսքով՝ այլև հապաղելու ժամանակ չկա, և պետք է պարզել, թե կառավարությունը կամ պարետատունը ժամանակին և իրավաչա՞փ են կազմակերպել իրեն գործողությունները.
«Նույն վարչապետն ասաց՝ դժոխքի միջով ենք անցնում, Առողջապահության նախարարը ներողություն խնդրեց, սակայն այս դեպքում ներողություններով սահմանափակվել հնարավոր չէ, որովհետև մենք գործ ունենք մարդկային կյանքերի և առողջության հետ»: ԼՀԿ-ի հետ բանակցությունների մեջ են: Տոնոյանի պնդմամբ՝ որևէ ակցիա չեն իրականացրել, եղել է իրենց համակիրների ինքնաբուխ հավաք:
ԲՀԿ-ն խորհրդարանի նիստը բոյկոտել է, բայց նիստերի դահլիճից դուրս շարունակելու է աշխատանքները,-նշել է նա:
Պատգամավորը հայտնեց նաև՝ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը քննվելու է այսօր երեկոյան ժամը 19։00-ին՝ Շենգավիթի դատարանում․ ԲՀԿ-ն խմբակցության ղեկավարի փոփոխության հարց չի քննարկում:
ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հայտնել է, որ կուսակցություններ կան, որոնց հետ համագործակցելու հստակ պայմանավորվածություն են ձեռք բերել, խոսքը «Հայրենիք», «Մեկ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունների մասին է:
Էնֆիաջյանը նաև վերահաստատեց իրենց դիրքորոշումը, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականցվում, մինչդեռ այսօր արձանագրվում են օրեցօր վատթարացող տվյալներ:
0 Մեկնաբանություն