Քաղաքականություն

Չեմ պատրաստվում մանդատից հրաժարվել. ԼՀ պատգամավոր Հրանտ Այվազյանը՝ Լիլիթ Մակունցի առաջարկի մասին

Ես չեմ պատրաստվում մանդատից հրաժարվել, տրամաբանություն չեմ տեսնում այդ առաջարկի մեջ: Այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի առաջարկին, որ եթե «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Առաքելյանը, ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքով պայմանավորված, վայր դնեն իրենց մանդատները, այդկերպ կվարվեն նաև «Իմ քայլը»-ի պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը:

«Նորմա՞լ է, եթե ասեմ՝ ես պատրաստ եմ մանդատս վայր դնել, եթե վարչապետը հրաժարվի իր պաշտոնից: Եթե զուտ ասելով լինի, ես նույնպես տրամաբանությունը չեմ հասկանում, եթե ասեմ՝ ես կդնեմ մանդատս, եթե Նիկոլ Փաշինյանը դնի մանդատը: Ինչ կապ ունեմ ես, օրինակ Սասուն Միքայելյանի՝ մանդատը վայր դնելու հետ: Եթե Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանը, Վահե Ղալումյանը նախահարձակ են եղել և հարվածել են Էդմոն Մարուքյանին, կարող է իրենց մանդատը վայր դնելու պահանջ հնչեցվեր, բայց եթե այդ ընթացքում կապում են իմ և Սարգիս Ալեքսանյանի անունները, ես չգիտեմ՝ ինչ ասել: Եթե ձեռք մեկնելու, ընկածին բարձրացնելու համար իրենք պահանջում են, որ ես մանդատս դնեմ, դա անտրամաբանական է»,-ասաց պատգամավորը:

Նա նշեց՝ միջադեպի ընթացքում Վահե Ղալումյանն ընկել է, ինքն էլ փորձել է բարձրացնել նրան, ապա հիշեցրերց՝ միջադեպին ներկա են եղել բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ:

«Նույն կերպ կարելի էր այլ պատգամավորների անուններ հնչեցնել: Եթե ամբողջ խնդիրն այն է, որ ուզում են՝ Սասուն Միքայելյանը մանդատը դնի, կամ այլ մարդիկ մանդատը դնեն, ու դրա համար պատգամավորների անուններ են հնչեցնում, դա էլ նորմալ չեմ համարում: Հետաքրքիր է՝ Մանուկյանն ու Ղալումյանն ասե՞լ են, որ քանի որ իրենք նախահարձակ են եղել, դրա համար հավասարաչափ մանդատները վայր պետք է դնենք նաև մենք: Մակունցը հարցրե՞լ է իրենց: «Բարգավաճ Հայաստան»-ից էլ են եղել մարդիկ, որոնք քաշքշուկի ժամանակ անջատել են: Տրամաբանությունը չեմ հասկանում ու վստահ չեմ, որ այդ հարցը խմբակցությունում քննարկվել է»,-ասաց Այվազյանը:

Հիշեցնենք՝ պատգամավորների միջև ծեծկռտուքը տեղի ունեցավ Կառավարության 2019թ. ծրագրի քննարկման ընթացքում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանը միջամտեց, ինչին հաջորդեց Էդմոն Մարուքյանի պատասխանը, թե՝ «ինչը կցխեք»: Էդմոն Մարուքյանն իջավ ամբիոնից, ինչից հետո Սասուն Միքայելյանի ու նրա միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, որին միջամտեցին այլ պատգամավորներն ու Կառավարության անդամները:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *