Քաղաքականություն

Չգիտեմ՝ ինչու է գալու Օսիպյանը․ Էդմոն Մարուքյան

Այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը գալու է ԱԺ՝ հանդիպելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ՝ փակ նիստում: Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում, երբ իշխանական պատգամավորները Օսիպյանի այցից խոսեցին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հակադարձեց. «Չգիտեմ՝ ինչու է գալու Օսիպյանը, երբ որ ես խորհրդարանական կառավարման մասին եմ խոսում, ես նկատի ունեմ այն իրավիճակը, որը բաց է, հրապարակային, ուղիղ եթերում պատգամավորները հարցեր տալու հնարավորություն են ունենում: Այն, որ իշխանությունը իր իշխանության ներկայացուցիչներին կանչում է ֆրակցիա եւ խոսում է, դա խորհրդարանական վերահսկողություն չի, ժողովուրդ ջան, մի՛ ասեք նման բան: Իշխանությունն իր ներկայացուցիչներին կանչում է ֆրակցիա՝ խոսելու, լավ է անում, ապրեք դուք, բայց դա ՀՀԿ-ի ժամանակ էլ է եղել: Կանչել են, ասենք, ՀՀԿ-ի գրասենյակ, խոսել են, ուղղակի չենք իմացել: Դա ի՞նչ կապ ունի խորհրդարանական վերահսկողության հետ: Ես եթե ուզենամ հանդիպեմ ոստիկանապետի հետ, կհանդիպեմ, կամ կարող է կանչենք, ուզենա՝ կգա, չի ուզենա՝ չգա: Ավելին ասեմ, ոստիկանապետը եթե չգա ձեր ֆրակցիա, քաղաքական հետեւանք կարող եք առաջացնել, բայց իրավական հետեւանք չեք կարող: Դա իր բարի կամքն է, կանչել եք՝ կարող է գալ, կարող է չգալ: Մենք խոսում ենք ինստիտուցիոնալ բաների մասին»: 


 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *